Մամեդյարովը Լավրովին բողոքել է հայերից

Մամեդյարովը Լավրովին բողոքել է հայերից

PanARMENIAN.Net - Հայաստանին վարկաբեկելու գործում Բաքուն որոշել է մինչև վերջ գնալ: Ադրբեջանական ԶԼՄ հաղորդմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում «ադրբեջանական կողմի դժգոհությունն է հայտնել հայ զինվորականների կողմից իննամյա տղայի սպանության կապակցությամբ»:

Ադրբեջանական դիվանագիտական բոլոր առաքելությունների ղեկավարներն արտասահմանում կտեղեկացնեն այդ միջադեպի մասին այն երկրների ղեկավարություններին, որտեղ իրենք հավատարմագրված են, մամլո ասուլիսում հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Այդ միջոցին, ադրբեջանական լրատվամիջոցները, արագ տարածելով «երեխայի սպանության մասին» տեղեկատվությունը, չէին կարողանում կողմնորոշվել` 8-ամյա, թե 10-ամյա տղա է Օրթա-Քարվենդ գյուղի «սպանված» բնակիչ Ֆարիդ Բադալովը, որոշ ԶԼՄ-ներ խոսում էին դեռահասի մասին:

Ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սեփական երկրի դեմքը փրկելու փորձ, որը ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո: «Ադրբեջանական ապատեղեկատվության գրագիրները պետք է հասկանան, որ նման էժան քայլերը ոչ միայն համոզիչ չեն միջազգային հանրության համար, այլև ամոթալի են, քանի որ այս դեպքում շահարկվում է անչափահաս երեխայի կյանքը կամ հորինվում է ողբերգական զոհի չհաջողված կերպար»,- ասել է Դավիթ Կարապետյանը:

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հաղորդել էր, որ ադրբեջանական ԶԼՄ տեղեկությունն այն մասին, որ հայկական զինված ուժերը, իբր, ադրբեջանցի երեխա են սպանել, չի համապատասխանում իրականությանը: Դա ադրբեջանական քարոզարչության հերթական ապատեղեկատվությունն է: «Նման ապատեղեկատվությունը նպատակ է հետապնդում կասկածի տակ դնել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու` հայկական կողմի ձգտումը»,- ընդգծվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---