ԵՀՄՖ-ն պահանջում է Հայաստանի ԱԳՆ-ից վերականգնել «ազատագրված տարածքներ» եզրի օգտագործումը

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունն, արձագանքելով Արցախի շուրջ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի կողմից կատարված հայտարարություններին, հայտնում է իր խիստ անհամաձայնությունն ազատագրված տարածքների նկատմամբ «գրավյալ տարածքներ» եզրի կիրառման շուրջ: Այդ մասին նշվում է ԵՀՄՖ-ի տարածած հայտարարության մեջ:

PanARMENIAN.Net ի կողմից ստացված հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է, որ «Արցախի շուրջ ազատագրված տարածքները հանդիսացել են Լեռնային Ղարաբաղին հարող հարթավայրային մասը, որը կազմել է պատմական Արցախի տարածքի մի մասը: Հայտնի է, որ այս տարածքները հանձնվել են Ադրբեջանին 1923 թ-ին անօրիական ճանապարհով և ազատագրվել են ու գրանցվել որպես «ազատագրված տարածքներ» 1994թ-ի հաղթական պատերազմի արդյունքում»:

ԵՀՄՖ-ի նախագահությունն «ազատագրված տարածքներ» եզրի փոխարինումը «գրավյալ տարածքներ» եզրով համարում է վերջին տարիներին ՀՀ ԱԳՆ-ի կողմից թույլ տրված մեծագույն սխալներից և թողտվություններից մեկը: ԵՀՄՖ-ն ակնկալում է այդ սխալի շուտափույթ ուղղում:

«Ազատագրված տարածքները չեն կարող դառնալ Ադրբեջանի հետ բանակցությունների թեմա նաև այն պատճառով, որ բացի Արցախյան տարածքների վերոհիշյալ հատվածից, Ադրբեջանի մաս է կազմում դեռևս Նախիջևանը. եթե Ադրբեջանը ցանկանում է տարածքների փոխանակաման մասին բանակցություններ վարելու, ապա պետք է մտածի համոզիչ փաստարկներ գտնելու, թե ինչ իրավունքով նա դեռ տիրում է Նախիջևանին և Արցախի մաս կազմող Շահումյանի ու Գետաշենի շրջաններին»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՀՄՖ-ը կարծում է, որ ՀՀ ԱԳՆ-ը պատավոր է պարզաբանել այս հարցերը ԵԱՀԿ-ի բարձրագույն ներկայացուցիչների հետ տարվող աշխատանքների ընթացքում: ԵՀՄՖ-ի նախագահությունը նաև խիստ բացասական է ընկալում ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի կողմից, Արցախ չայցելելու պայմաններում, հայտնած կարծիքը:

«Նախ պարոն Աժուբալիսը չի կարող լինել իրատես` չծանոթանալով խնդրին բազմակողմանիորեն, և չի կարող լինել անկողմնակալ` կատարելով կանխակալ քայլեր: ԵՀՄՖը դատապարտում է պարոն Աժուբալիսի կողմից թույլ տրված կանխամտածված գործողությունները` հրավիրելով ԵԱՀԿ-ի բարձրագույն իշխանությունների ուշադրությունն այս փաստի վրա: Նշենք, որ ԵՀՄՖ-ը ժամանակին անդրադարձել էր ԵՄ տարբեր ֆորումներում և հատկապես «Եվրոպայի Էկոնոմիկական ֆորում»-ում չափազանց ակտիվ հանդես եկող Ռումինիայի նախկին փոխվարչապետ, ԱԳ նախարար ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Ադրիան Սեվերինի ծավալած գործունեության շուրջ: Այդ քաղաքական գործիչն օգտագործում էր բոլոր ամբիոնները Ռուսաստանին դեմ հանդես գալու, ռուսական իշխանություններին անհարկի վարկաբեկելու և Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանալու համար: Ակնհայտ էր, որ նա ուներ անձնական մեծ շահագրգրվածություն, որի մասին և վերջապես խոսվեց անցյալ շաբաթվա ընթացքում Եվրոպայի բարձրագույն ատյաններում: Այժմ վարվում է հետաքննություն նրա գործունեության կոռումպացված լինելու շուրջ»,- նշում է ԵՀՄՖ-ն:

ԵՀՄՖ-ն կարծում է, որ հայ դիվանագետներն ու լոբիստները պետք է առավել ակտիվ լինեն վերոհիշյալ անձնավորությունների և նրանց նմանների դեմ հասարակական կարծիքն ուղղելու և ժամանակին նրանց դիմակազերծելու հարցում, քանի որ նրանց բացասական գործունեության արդյունքում մենք հաճախ չափազանց շատ ենք կորցնում:

Եզրափակելով ասվածն ԵՀՄՖ-ի նախագահությունը դիմում է ՀՀ ԱԳՆ-ին` պահանջելով վերականգնել «ազատագրված տարածքներ» եզրի օգտագործումն այն ընկալմամբ, ինչպիսին այն կիրառվել է տասնամյակ իվեր: Սա նշանակում է բացառել ազատագրված տարածքների, թեկուզ մասամբ, Ադրբեջանին վերադարձնելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---