ՀՀ և Սերբիայի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկկողմ համագործակցությունը

ՀՀ և Սերբիայի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկկողմ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Բելգրադում է գտնվում պաշտոնական այցով Սերբիա ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչի հետ:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի այցելությունը Հայաստան, ինչպես նաև Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Սերբիա, նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում, և դա վկայում է Սերբիայի և Հայաստանի միջև համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամության մասին: Հայաստանի արտգործնախարարը հավելեց, որ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետևելու նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-սերբական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես անդրադարձան Կովկասում և Բալկաններում առկա հիմնահարցերի շուրջ վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---