Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խճճվել է սեփական ստի մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խճճվել է սեփական ստի մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության քարոզչական ծառայությունը շարունակում է լուրեր տարածել առ այն, թե իբր ղարաբաղյան կողմը շփման գոտու տարբեր հատվածներում պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Այս կապակցությամբ ԼՂՀ Պաշտպանության բանակը որոշել է անդրադառնալ այս հարցին: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը, այն, որ հատկապես վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն առավել հաճախակի բնույթ են կրում, դա իրոք համապատասխանում է իրականությանը: «Սակայն այլ հարց է, թե որ կողմն է հանդես գալիս նախահարձակի դերում, և ինչպիսի ուժեր ու միջոցներ են կիրառվում այդ գործողությունների ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, միայն ընթացիկ տարվա ապրիլ ամսում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվել է շուրջ 6500 կրակոց: Առանձնացման արժանի է հատկապես այն հանգամանքը, որ խախտումների նշանակալի մասը ադրբեջանական կողմն իրականացրել է «CBD», «Սև նետ» և թուրքական արտադրության «ԻՍՏԻԳԱԼ» տիպի դիպուկահար հրացաններից: «Գաղտնիք չէ նաև, որ բացի սեփական ուժերից, Ադրբեջանն առաջին գծում պարբերաբար օգտագործում է նաև բավականին լավ վարձատրվող արտասահմանյան դիպուկահարների»,- նշվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ: Ընդգծվում է նաև, որ Բաքվի նման գործելաոճը վկայում է այն մասին, որ նա հակված է ոչ միայն շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունը, այլև իրեն հատուկ ցինիկությամբ կարող է կատարվածի վերաբերյալ տարածել իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեղեկություններ:

Անդրադառնալով Ադրբեջանի Զինված ուժերում տիրող իրավիճակին՝ ԼՂՀ Պաշտպանության բանակը նշել է, որ միայն 2011թ. չորս ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում սպանվել է 17 այլազգի զինծառայող, որից 7-ը` լեզգի, 6-ը` թալըշ, 3-ը` ուդի, 1-ը` ավար:

«2011 թվականի անցած 4 ամիսների ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 3200 անգամ, որի հետևանքով հայկական կողմը տվել է 5 զոհ, 4 վիրավոր: Սակայն, նույն ժամանակահատվածում, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունների, հայկական կողմն առաջնային գծում կրակ է բացել մոտ 150 անգամ: Համաձայն նույն աղբյուրի, ընթացիկ տարում ադրբեջանական բանակում արձանագրված 51 զոհի և 29-ի վիրավորի շուրջ 40 տոկոսը վերագրվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: Եթե հիմք ընդունենք Ադրբեջանի կողմից տարածված պաշտոնական վիճակագրության այս տվյալները, ապա ստացվում է, որ հակառակորդը շուրջ 20 անգամ ավելի է խախտել հրադադարի ռեժիմը, քան ղարաբաղյան կողմը, սակայն Ադրբեջանի կրած կորուստների թիվն անհամեմատ մեծ է, իսկ ավելի կոնկրետ 5-ը 1-ի դիմաց: Թե որքանով են այս տվյալները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---