Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ օպերային հեղինակավոր մրցանակի դափնեկիր

Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ օպերային հեղինակավոր մրցանակի դափնեկիր

PanARMENIAN.Net - Հեղինակավոր միջազգային օպերային մրցանակաբաշխության (The International Opera Awards) «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարինյան թատրոնի 35-ամյա սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Լիտվայից:

The International Opera Awards-ը ոչ պաշտոնապես համարում են օպերային «Օսկար»:

Գրիգորյանի հետ նույն անվանակարգում են եղել նաև ռուսաստանցի սոպրանոներ Եկատերինա Բականովան և Աիդա Գարիֆուլինան, Գոլդա Շուլցը և Նոզուկո Թետոն Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Նադին Սիեռան ԱՄՆ-ից:

Մարինյան թատրոնի սոպրանոյի համար այս մրցանակն առաջինը չէ կարիերայի ընթացքում. 2005-ին նա «Բեմի ոսկե խաչ» մրցանակի է արժանացել լավագույն դեբյուտի համար, իսկ 2010 –ին՝ «Բեմի ոսկե խաչ»՝ լավագույն կատարման համար:

Իտալացի սոպրանո Մարիելլա Դեվիան ճանաչվել է «Լավագույն երգչուհի», ամերիկացի քնարական տենոր Գրեգորի Կունդեն՝ «Լավագույն երգիչ», ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 15-ին Լոնդոնի «Սավոյ» թատրոնում, որտեղ հավաքված են եղել համաշխարհային երաժշտական արվեստի խոշորագույն աստղերը: Ընդհանուր առմամբ, պարգևներ են հանձնվել ավելի քան 20 անվանակարգում:

Առաջին անգամ Միջազգային օպերային մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2013-ին:

Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգչի՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ 1999-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության և թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաև ֆրանսիական Նիսսում։

Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում՝ հանդես գալով Դեզդեմոնայի, Պրիլեպայի, Վիոլետայի, Միխայիլայի, Չիո Չիո Սան և Լիուի դերերում՝ «Օթելլո», «Քնած թագուհին», «Տրավիատա», «Կարմեն», «Մադամ Բատերֆլայ», «Տուրանդոթ» ներկայացումներում։ Լիտվայում և արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Լարային քառյակի, կամերային նվագախմբի հետ։ 2009-2011թթ. նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006-ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաև Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2011-2012-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։

2014-ին Հուդիթի դերակատարմամբ ելույթներ է ունեցել Անտվերպենում և Գենտում, տարբեր ներկայացումներով հանդես եկել Սանկտ Պետերբուրգում, Գրացում, Համբուրգում և Մյունխենում, իսկ 2015-ին՝ Բեռլինի կոմեդիայի թատրոնում՝ Komische Oper-ում և Վիսբադենում։ Չայկովսկու «Չարոդեյկայ»-ի եւ Պուչինիի «Մադամ Բատերֆլայի» դերակատարումներով հանդես կգա Վիեննայի և Շվեդիայի օպերաներում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---