Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը

Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը

Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը

Շոփինգը վաղուց արդեն միայն հագուստ գնելու մասին չէ, իսկ շոփինգ մոլերը մեկ վայրում տեղակայված խանութների ու բրենդների կենտրոն չեն։ Աշխարհում ու նաև Հայաստանում շոփինգը հաճելին օգտակարի հետ համատեղելու, հարմարավետ գնումների և էներգիայով լիցքավորվելու ընթացքի մասին է։

PanARMENIAN.Net - Տեխնոլոգիական նոր դարում հատկապես՝ օնլայն գնումների գայթակղությանը չտրվելու և խանութներում շրջելու համար միայն լավ զեղչերը բավարար պայման չեն։ Մարդիկ գնում են մոլեր նաև հաճելի փորձառության և լավ ժամանակ անցկացնելու համար։

Հայաստանում Dalma Garden Mall-ն առաջինն էր ոլորտում, և հիմա ևս շարժվում է շուկայի պահանջներին համընթաց։ 11 տարի առաջ Dalma Garden Mall-ը վերաիմաստավորեց և փոխեց Հայաստանում շոփինգի մշակույթը և դարձավ մի վայր, որտեղ շոփինգի թերապիան ու ժամանցը մեկտեղվում են։

ՄՇԱԿՈՒՅԹԻՑ ՄԻՆՉԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2023 թվականը Դալմայի համար խիստ հագեցած տարի էր՝ լի նորություններով, փոփոխություններով, նոր համագործակցություններով և մեծ նախագծերով։ Դալմայի անընդհատ զարգացող պատմության նոր դրվագների մասին դեռ կխոսենք, բայց մինչ այդ՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն։

Ցանկացած կազմակերպության համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առանցքային կարևորություն ունի և ակամայից պատմում է տվյալ ընկերության արժեքների ու մոտեցումների մասին։

Dalma Garden Mall-ը 2022 թվականին հայտարարեց CSR քաղաքականության հստակ ուղղությունների և մշակված ռազմավարության մասին ու մինչև օրս շարժվում է այդ սկզբունքներին համապատասխան։ Գլխավոր նախապայմանն այն է, որ ծրագրերը շարունակական լինեն, ոչ թե մեկանգամյա։

«Նախագծերն իրականացնելիս և մեր ընտրությունը կատարելիս առաջին հերթին առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ տվյալ ծրագիրը երկարաժամկետ ազդեցություն ունենա և տեղային լուծումների փոխարեն առավել համապարփակ լուծումներ առաջարկի։ Մենք նպաստում ենք, որպեսզի մեր ներդրած ռեսուրսը օգնի գեներացնել նոր ռեսուրս և ստեղծել հավելյալ արժեք»,- նշում է նա:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում Dalma-ի ծրագրերին երկու նոր ուղղություն է ավելացել։ Նախ՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնության մասին։

Այսուհետև մոլի տարածքում կարելի է գտնել աղբի տեսակավորման թափոնամաններ։ Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ձեռնարկված այս քայլը առաջին հերթին աղբը տեսակավորելու մշակույթ զարգացնելուն է ուղղված։ Այս համատեքստում առաջիկայում քաղաքապետարանի և Եվրամիության հետ իրազեկման մեծ արշավ է նախատեսվում։

«Մեզ մոտ օրական, ամսական և տարեկան կտրվածքով շատ մարդ է գալիս և մարդկանց մտածելակերպը այս կերպ փոխելը շոշափելի արդյունք կարող է տալ։ Տարվա կտրվածքով 5 միլիոնից ավելի մարդ է այցելում մոլ, հետևաբար դրական միտումը վստահաբար տեսանելի է լինելու»,֊ նշում է Մարիամ Չաքարյանը։

ԴԱԼՄԱՆ ՈՒ ԴԱՍԱԿԱՆԸ

Հաջորդ կարևոր թիրախը՝ մշակույթ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Dalma Garden Mall-ի գործակցությունն այս տարվա գլխավոր ձեռքբերումներից է։ Դասական երաժշտության և հայկական մշակույթի հանրահռչակումը կարևորող ընկերությունը որոշեց, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում պետք է դառնա Ֆիլհարմոնիկի 15-րդ համերգաշրջանի գլխավոր հովանավորը, որն այս տարի նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին։

Մեծամասշտաբ այս ծրագիրն իրականում համագործակցության սկիզբն է միայն։ Նոր տարում նոր ծրագրեր են նախատեսվում։ Մարիամ Չաքարյանը բոլոր փակագծերը չի բացում, բայց ընդգծում է՝ մոլի գաղափարն ու դրա հանդեպ ընկալումները նոր շունչ են ստանալու, Ֆիլհարմոնիկի հետ համագործակցությունն էլ՝ նոր երանգներ և ուղղություններ։

«Մենք մի սկզբունք ունենք, եթե գործակցությունը հաջողում է, ապա այն շարունակական բնույթ է կրում։ Մեզ համար շատ կարևոր է Դալմա համայնքը, մեր գործընկերների և հաճախորդների հետ կապը, նրանց հետ միասին հաջողություններ գրանցելը։ Բարդ ժամանակներ ենք ապրում, հետևաբար շատ կարևոր է, որ մեզ նման ընկերություններն իրենց վրա վերցնեն մարդկանց դրական էներգիայով լիցքավորելու պարտականությունը», - նշում է Չաքարյանը։

Այսուհետև Դալմայում օրվա առաջին կեսին կհնչի դասական երաժշտություն՝ հենց Ֆիլհարմոնիկի կատարմամբ։ Իսկ մշակութային երկխոսությունն այս համագործակցությամբ չի ավարտվելու։ Հաջորդ տարի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ Դալման ամբողջ տարվա համագործակցության ծրագիր է մշակել։

ՆՈՐ ՀԱՎԵԼՎԱԾ՝ ՇՈՓԻՆԳԸ ԱՌԱՎԵԼ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն իր հերթին, բայց Դալմայի առաջնային նպատակն ու առաքելությունն է դառնալ Հայաստանի ամենահաճախորդամետ, հարմարավետ և նորարարական մոլը։ Երաժշտությունից մինչև նոր լուսավորություն, վերանորոգում ու անգամ հատուկ բույր, որն առկա է միայն Դալմայի տարածքում։ Բոլոր մանրուքները կարևոր են և բոլորն էլ համապատասխանում են Դալմայի ռազմավարությանն ու հաճախորդամետ մոտեցմանը։

Տեխնոլոգիական նոր դարաշրջանում հարմարավետ գնումներն առաջին հերթին նշանակում է հնարավորինս պարզեցված, ժամանակ խնայող և մեկ հպումով արվող գործողություններ։ Dalma Garden Mall-ի նոր հավելվածը հաշվի է առնում այս բոլոր հատկանիշները։ Հավելվածից օգտվելիս հաճախորդի գործը կհեշտանա ոչ միայն մոլում, այլ նաև մինչև մոլ այցելելը։

Հավելվածում շուտով հասանելի կլինի նաև smart parking ծառայությունը։ Հաշվի առնելով, որ արդեն ամսվա վերջում Դալմայում նոր կայանատեղի է բացվելու՝ կկարողանաք քարտեզի վրա հստակ տեսնել, թե որտեղ կան ազատ տեղեր և առանց ավելորդ լարվածության հեշտությամբ կայանել մեքենան։

ՕԳՆԱԿԱՆ ՌՈԲՈՏՆԵՐ

Տանը հավելվածի միջոցով ծանոթացանք զեղչերին, մեքենան կայանելու հարցը ևս լուծեցինք ու հասանք Դալմա։ Այստեղ ևս առանց օգնության չեք մնա։ Դալման երկու նոր աշխատակից ունի՝ Դալին և Մալին։ Եթե փնտրում եք որևէ խանութ, բայց չեք կողմնորոշվում, թե այն մոլի որ հատվածում է՝ միանգամից դիմում եք օգնական ռոբոտների օգնությանն ու մի քանի վայրկյան անց ձեզ անհրաժեշտ խանութում եք։

Դալին և Մալին իրենց աշխատանքն արդեն սկսել են։ Նրանք հաճախորդներին ուղեկցում են մոլի երկու հարկերում։ Եթե առաջին հարկում եք ու պարզվում է, որ անհրաժեշտ խանութը երկրորդում է, ապա ռոբոտներից մեկը ձեզ կուղեկցի մինչև վերելակ, իսկ երկրորդ օգնական ռոբոտը ձեզ կդիմավորի արդեն երկրորդ հարկում։ Նրանց միջոցով կարող եք նաև նվեր֊քարտ պատվիրել ու Դալմայի տարածքում գործող խանութների մասին անհրաժեշտ ինֆորմացիա ստանալ։

«Յուրաքանչյուր ծրագիր սկսելիս մենք առաջին հերթին շուկայի խորը ուսումնասիրություն ենք կատարում։ Գնահատում, թե ինչ ծառայության կարիք կա, հետո արդեն վերլուծում, թե որն է այդ ծառայությունը մատուցելու լավագույն ձևաչափը», - ավելացնում է Մարիամ Չաքարյանը։

DALMA MAGAZINE

Եվ Դալմայի այս տարվա ամենասպասված ձեռքբերումներից մեկը՝ ամսագիրը։ Այս նախագիծն առաջին հերթին շոփինգն ու նորաձևությունը մարդկանց մոտեցնելու, տպագիր ամսագիրը թերթելու հաճույքը վերադարձնելու և նոր ասելիքով ներկայանալու մասին է։

«Շոփինգին և նորաձևությանը նվիրված հայալեզու ամսագրի վրա մեծ և պրոֆեսիոնալ թիմ է աշխատել։ Որակը պիտի համապատասխաներ միջազգային բոլոր չափանիշներին, հետևաբար թիմն աշխատել է օր ու գիշեր, առանց հանգստյան օրերի», - նշում է Մարիամ Չաքարյանը։

Ամսագրի ֆոտոշարքերից մեկն օրինակ արված է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Այս կադրերում նորաձևությունը հանդիպում է մշակույթի հետ։ Ամսագրում գեղեցիկ և նորաձև ֆոտոշարքերը համադրվում են օգտակար տեղեկատվական նյութերի հետ։ Բոլոր ֆոտոշարքերում ներկայացված են Դալմայի խանութների հավաքածուները, իսկ լուսանկարների կողքին մանրամասն ներկայացված է, թե որ հագուստը որտեղից կարող եք գտնել։

Ամսագրում բոլորն իրենց հետաքրքրող նյութ կգտնեն. Աշնանային թրենդներ, մաշկի խնամք, սպասվող ֆիլմեր, հարցազրույցներ, ճամփորդական անդրադարձ, նորաձևության էվոլյուցիան ամփոփող պատմական ակնարկ, բրենդի ստեղծման պատմություն և շատ ավելին։

Ամսագիրն անվճար կարող եք վերցնել Դալմայի սրճարաններից, ինֆոկետից, խանութներից, ինչպես նաև քաղաքի այլ անկյուններից։ Տպագրության պարբերականությունը նախնական որոշմամբ կլինի տարեկան չորս անգամ։ Dalma Magazine-ի առաջին թողարկումը աշնանային տրամադրություն ունի։

Նանե Մանուկյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
 Ուշադրության կենտրոնում
Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին

Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում

 Բաժնի այլ նյութերը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---