2015-ին հայկական տեղեկատվական ոլորտի 12 կարևորագույն իրադարձությունը

2015-ին հայկական տեղեկատվական ոլորտի 12 կարևորագույն իրադարձությունը

Եզակի մշակումների շնորհիվ 2015-ին ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները կարողացան իրենց ուրույն տեղը նվաճել համաշխարհային նորարարական լուծումների քարտեզում

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում երկրի տնտեսության զարգացման անկյունաքարն է: Այն կախված չէ օգտակար հանածոների առկայությունից, չի տուժում փակ սահմաններից և տարածաշրջանում տնտեսության վիճակից: Միակ բանը, ինչ անհրաժեշտ է, բարձ որակավորում ունեցող մասնագետներն են, որոնք ունակ են մշակել սեփական արտադրանքն ու առաջ մղել այն համաշխարհային մասշտաբով: Եզակի մշակումների շնորհիվ 2015-ին ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները կարողացան իրենց ուրույն տեղը նվաճել համաշխարհային նորարարական լուծումների քարտեզում:

PanARMENIAN.Net - Հանրագումարի բերելով ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների նվաճումները 2015-ին` PanARMENIAN.Net ը ներկայացնում է ոլորտի ամենանշանակալի 12 իրադարձությունը:

Shadowmatic բջջային խաղը, որը մշակել է հայկական Triada Studio Games ստուդիան, չափազան մեծ պահանջարկ ստանալով աշխարհում, ընդգրկվել է 2015-ի լավագույն խաղերի ցանկում Apple-ի վարկածով: Միանգամից մի քանի երկրում Apple-ը «Տարվա խաղ» և «Տարվա լավագույն նորարարական խաղ» ճանաչեց Shadowmatic-ը: Խաղը թողարկվեց 2015-ի հունվարի 15-ին և անմիջապես հայտնվեց համընդհանուր ուշադրության կենտրոնում: Ամբողջ տարվա ընթացքում Shadowmatic-ը բազմիցս արժանացավ խաղային ինդուստրիայի հեղինակավոր միջազգային մրցանակներ: Հունիսի սկզբին Triada Studio Games-ի 3-ամյա մանրակրկիտ ու վիրտուոզ աշխատանքի արդյունքն արժանացավ Apple Design Awards մրցանակին: Apple Design Awards-ը (ADA) հատուկ միջոցառում է, որը կորպորացիան անցկացնում է մշակողների համար նախատեսված WWDC ամենամյա համաշխարհային խորհրդաժողովի շրջանակում:

Render Forest ստարտափն, ուսումնասիրելով շուկայի համապատասխան հատվածը, դեռ տարեսկզբին առցանց ծառայություններ առաջարկեց սեփական տեսաբովանդակության ստեղծման համար: Պարզվեց, որ բարձրորակ վիդեոյի և լայնէկրան մոնիտորների դարաշրջանում, հարթակներից ոչ մեկը համապատասխան ծառայություններ չի առաջարկում: Թիմը կարողացավ եզակի առցանց հարթակ մշակել, որը թույլ կտա օգտատերին ինքնուրույն ստեղծել բարձր թողունակության տեսանյութ:

Սեպտեմբերի սկզբին «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը սկսեց հայատառ .հայ դոմենային գոտում գրանցման հայտերի ընդունումը: 3 ամսում` սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը, ֆիրմային անվանումների, գրանցված ապրանքանիշերի և այլ մտավոր սեփականության իրավատերերը համապատասխան անվանումների առաջնային գրանցման հնարավորություն ունեցան այդ դոմենային գոտում:

Սեպտեմբերի վերջում Երևանում կայացավ 10-րդ` հոբելյանական «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT - 2015) միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել է մոտ 40 պատվիրակ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ճապոնիայից, Ուկրաինայից, հայտագրված էր մոտ 130 գիտական զեկույց: Խորհրդաժողովի նպատակն էր աջակցել գիտական գաղափարների փոխանակմանը համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների միջև, գիտական ոլորտում նվաճումների ներկայացումն ու քննարկումը:

Հոկտեմբերի սկզբին հայկական ՏՏ ընկերությունները ներկայացրեցին իրենց նորագույն լուծումները Digitec Expo ամենամյա 11-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսում: Մոտ 170 տեխնոլոգիական ընկերություն Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Թայվանից, Չինաստանից, Իրանից և այլ երկրներից 3 օր շարունակ այցելուներին ներկայացրեց տեխնոլոգիական նորույթները, նորարարական մշակումները, նոր հավելվածները, ռոբոտներն ու համակարգչային խաղերը:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանում բացվեցին առաջին ֆաբլաբերը` փոքր արհեստանոց-լաբորատորիաները: Հագեցած լինելով հատուկ սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով` ֆաբլաբերը թույլ են տալիս խթանել գիտահետազոտական աշխատանքները ռոբոտատեխնիկայի, ֆիզիկայի, տեխնոլոգիաների, մեքենաշինության և այլ ոլորտներում, նոր հարթակ դառնալով երիտասարդ հայ գիտնականների հետազոտությունների համար:

2015-ին մարտին ստեղծված և ընդամենը 3 ծրագրավորող ունեցող հայկական ArmNomads Games սկսնակ ընկերությունը կարողացավ ապացուցել բոլորին, և առաջին հերթին, ինքն իրեն, որ որակյալ ապրանք ստեղծելու համար միայն գիտելիք է հարկավոր, լավ գաղափար և ավյուն: Մեծ բյուջեներն ու հայտնի լինելը հաջողության գլխավոր գրավականը չեն: Թիմի ստեղծած բջջային Let's Twist խաղը շատ արագ հետաքրքրեց համաշխարհային հսկա Apple-ին: Նոյեմբերի 12-ին հայտնվելով App Store առցանց խանութում` խաղը «Apple խմբագրության ընտրությունը» կարգավիճակ ստացավ 78 երկրների շարքում և մեկ շաբաթվա ընթացքում գլոբալ առաջխաղացման իրավունք աշխարհի 135 երկրում:

Նոյեմբերի վերջում Հայաստանում սկսեց գործել Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում գործատուների միությունը: Նոր կազմակերպության գործունեությունն ուղղված է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում կրթական և հասարակական կառույցների հետ համագործակցությանը, ինչը պետք է նպաստի երկրում այդ ոլորտի առավել արդյունավետ զարգացմանը:

Դեկտեմբերի սկզբում հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը ճանաչվեց Սիլիկոնյան հովտի մինչև $10 ֆինանսավորմամբ ամենաարագ զարգացող 10 սկսնակ ընկերություններից մեկը: Վարկանիշը կազմել է Mattermark ընկերությունը, որը զբաղվում է սկսնակ ընկերությունների ուսումնասիրությամբ: Ավելի վաղ SoloLearn-ը Հնդկաստանում ընդգրկվել էր 2015-ի լավագույն Android-հավելվածների ցանկում: Հաշվի առնելով հսկայական մրցակցությունը ծրագրավորման ուսուցման շուկայում, SoloLearn-ին հաջողվել է բավականին սեղմ ժամկետում գրեթե անհնարինի հասնել` իր ասպարեզում առաջատար դառնալով աշխարհում:

Դեկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցավ «Ռոբոտների շքերթի» հանդիսավոր բացումը, որն առաջին անգամ է անցկացվում տարածաշրջանում և կտևի մինչև 2016-ի հունվարի 10-ը: Ցուցահանդեսում ներկայացված են Անգլիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Իռլանդիայից և այլ երկրներից բերված 20 ինտերակտիվ ռոբոտ (հանրահայտ Տեսպիան դերասան ռոբոտը, հատուկ թերապիայի առավելությունները կիրառող Պարոն, մատուցող ռոբոտ Յոշան, Ռոբոֆուտբոլը, Ռոբոտ Պինգ-Պոնգը, արդյունաբերական առաջադրանքներ կատարող Բակսթերը և այլն), ինչպես նաև հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

Ծրագրավորման Digi Code պատանեկան մրցույթի ժամանակ հայ դպրոցականները հնարավորություն ստացան աշխատելու Scratch ծրագրավորման լեզվի օգնությամբ և ներբեռնել ստեղծած խաղերը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայք: Scratch-ը MIT-ի մշակած ծրագրավորման գրաֆիկական միջավայրն է, որն օգտագործվում է նաև ռոբոտների ծրագրավորման համար: Ծրագիրը մի ամբողջ ցանց է իրենից ներկայացնում, որը միավորում է ծրագրավորմամբ հետաքրքրվող դպրոցականներին: Այն զարգացնում է ոչ միայն ալգորիթմային մտածողությունն, այլ նաև ստեղծագործական ունակությունները, երաժշտական ճաշակն ու լեզվի իմացությունը:

Դեկտեմբերի կեսին Forbes-ը հրապարակեց 2015-ի սկսնակ ընկերությունների թոփ-50, որտեղ ընդգրկված են ներդրողների շրջանում ամենապահանջված և առավել շատ ներդրումներ ներգրաված ընկերությունները: Ցուցակում էր նաև հայկական PicsArt ստարտափը, որը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հանդեսն այն գնահատել է $250 մլն: PicsArt-ը մեծ տարածում ստացած լայն հնարավորություններով գրաֆիկական խմբագիր է, որը հայկական թիմը մշակել է 2011-ին: Ավելի քան 250 միլիոն օգտատեր է աշխարհում օգտվում այդ անվճար հավելվածից: Այն ունի պատկերների խմբագրման լայն հնարավորություններ և հարյուրավոր գործիքների ու էֆեկտների միջոցով ֆոտոմոնտաժի հնարավորություն, որոնք կարելի է գտնել միայն մասնագիտացված ծրագրերում:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
 Ուշադրության կենտրոնում
ՀՀ նախագահն ու Apple-ի Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցությունը

ՀՀ նախագահն ու Apple-ի Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցությունը Հանդիպումն անցել է Դավոսի համաժողովի շրջանակում

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս