«Նաիրիտ գործարանը» եւ ընկերության արհեստակցական կազմակերպությունն ստորագրել են Կոլեկտիվ պայմանագիր

PanARMENIAN.Net -
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունը եւ ընկերության արհեստակցական կազմակերպությունն այսօր ստորագրել են Կոլեկտիվ պայմանագիր, որը ոչ միայն կարգավորում է սոցիալ-աշխատանքային (տնտեսական) հարաբերությունները «Նաիրիտի» աշխատողների եւ գործատուի միջեւ, այլեւ նախատեսում է սոցիալական երաշխիքներ` սահմանելով Գործատուի եւ Արհմիության փոխադարձ իրավունքներն ու պարտականությունը, հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը:



«Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Մելքոնյանի եւ Արհմիության նախագահ Հ. Թադեւոսյանի կողմից Կոլեկտիվ պայմանագրի կնքման արարողությանն այսօր ներկա էին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյանը, ՀՀ էներգետիկայի փոխնախարար Ա. Սիմոնյանը, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ խորհրդի անդամները, արտադրությունների արհմիութենական կազմակերպությունների նախագահները, պաշտոնատար այլ անձինք:



ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյանը նկատեց, որ այս պայմանագիրը, գործատուի եւ աշխատողի փոխհարաբերությունների հստակության, ինչպես նաեւ վերջիններիս շահերի պահպանության տեսանկյունից, կարելի է համարել օրինակելի:



Կոլեկտիվ պայմանագիրը հստակեցնում է աշխատակիցների աշխատանքի եւ հանգստի ժամանակը, աշխատանքի անվտանգության եւ առողջության պահպանման պայմանները, երաշխավորում է ինչպես աշխատանքի եւ արձակուրդի վարձատրությունը` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, այնպես էլ կոլեկտիվի սոցիալական զարգացումը, ամրագրում է արհեստակցական կազմակերպության պարտավորություններն ու գործունեության երաշխիքները:



«Նաիրիտ» գիտա-արտադրական միավորում-ը ԽՍՀՄ-ի տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր: Գործարանը պոլիքլորոպրենը արտադրում է 1940 թ-ից:



Երկարատեւ պարապուրդից հետո, ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-1993թթ: 2006 թ-ց գործարանի բաժնետոմսերի 90%-ը պատկանում են բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: Մնացած 10%-ը պատկանում է ՀՀ-ի կառավարությանը ի դեմս բնական ռեսուրսների եւ էներգետիկայի նախարարությունների:



Գործարանի միջին ամսական հզորությունը կազմում է 700-750 տոննա արտադրանք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---