Փաշինյան․ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն ռեկորդային ծավալի է

Փաշինյան․ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն ռեկորդային ծավալի է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Իր ելույթում նա նշել է, որ 2023թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելը ռեկորդային ծավալ է արձանագրել՝ 5 տրիլիոն 619 միլիարդ 277 միլիոն դրամ:

Նա նաև ընդգծել է, որ ընդհանրապես բանկային համակարգը գործում է առանց քաղաքական ճնշումների միջավայրում։

«Մեր ֆինանսական շուկայում, ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի հետ կապված բարդություններ են եղել, բայց նաև այս մոտեցումն է, որ կարողացել ենք աշխատանքի ճշգրիտ բաժանում անել, յուրաքանչյուրն իր գործով է զբաղվել, որի արդյունքում՝ ա) ապահովվել է մակրոտնտեսական կայունությունն ամենաճգնաժամային շրջանում, և հետո մենք արդեն քանի տարի հաջողությամբ տնտեսական բարձր ակտիվություն ու աճ ենք ապահովում: Եվ, ըստ էության, նաև Կենտրոնական բանկի հաշվարկներով, 2018-ից մինչ օրս Հայաստանում ավելի քան 28 տոկոս տնտեսական աճ է ապահովվել:

Ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես բանկային համակարգը գործում է առանց քաղաքական ճնշումների միջավայրում: Եվ սա նույնպես մի բան է, որը կարծում եմ, լավ է, որ այդպես է, այդպես էլ պետք է լինի, բայց մյուս կողմից կարծում եմ՝ նաև պետք է արձանագրվի, որովհետև այս նրբությունները, որոնք չեն նկատվում, չեն արձանագրվում, իրենք ֆոն են ապահովում մակրոտնտեսական, ֆինանսական շուկաների կայունության համար: Եվ երբ այս ամենին համադրում ենք տնտեսական բարձր աճի միջավայրը՝ տեսնում ենք, որ մեր բանկային համակարգը նույնպես տպավորիչ ցուցանիշներ ունի, մասնավորապես, 2023թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելը ռեկորդային ծավալ է արձանագրել՝ 5 տրիլիոն 619 միլիարդ 277 միլիոն դրամ: Շատ կարևոր է, որ աճը կայուն է և շարունակական: Այս ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է գրեթե 84 մլրդ դրամով, 1,51 տոկոսով, 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշին՝ 13,46 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ ավանդային պորտֆելն, ըստ էության, կրկնապատկվել է՝ աճը 95 տոկոսից ավելի է:

Մեր բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը նույնպես ռեկորդային ծավալ է արձանագրել՝ նոյեմբերի դրությամբ՝ 5 տրիլիոն 365 մլրդ 604 մլն դրամ, որը նորից հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է 2,2 տոկոսով, նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշին՝ 21,3 տոկոսով, իսկ 2018թ. նոյեմբերի ցուցանիշին՝ ավելի քան 57 տոկոսով: Կարծում եմ՝ կարևոր է արձանագրել, որ ընդհանուր ավանդային պորտֆելն ընդհանուր վարկային պորտֆելին գերազանցում է 253 մլրդ դրամով, ինչը բանկային համակարգի կայունության շատ կարևոր երաշխիք է:

Եվս մեկ-երկու տվյալ կուզենամ բարձրաձայնել. այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների թվաքանակը կազմել է 4 մլն 442 հազար 950 մարդ, որը 2022թ. նկատմամբ աճ է գրանցել 19,3 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 65,7 տոկոսով: Սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների հաշիվների ընդհանուր քանակը կազմել է 8 մլն 995 հազար 422, որը 2022թ. նկատմամբ ավելի է 22 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 78 տոկոսով:

Այս ցուցանիշները տպավորիչ են և նաև այն որոշումներին զուգընթաց, կապիտալի ավելացման, որի մասին ԿԲ նախագահը նշեց, մեր բանկային համակարգի կայունության պաշարը որոշակիորեն մեծացել է, ինչը շատ կարևոր հանգամանք է տնտեսական աճի պոտենցիալն ավելացնելու համար: Այն փաստը, որ ավանդային պորտֆելը վարկային պորտֆելից շատ ավելի մեծ է, նաև հույս է ներշնչում, որ մյուս տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճի նպաստելու առումով բանկային համակարգը դեռ որոշակի պոտենցիալ ունի: Այստեղ պետք է մեր բիզնես հատվածը, իրական հատվածը կենտրոնանա ծրագրերի որակի վրա, որպեսզի նաև հետաքրքրություն առաջացնի բանկային համակարգում»,–ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---