2,5 րոպե ծանրորդի հետ

Նորայր Վարդանյան.

2,5 րոպե ծանրորդի հետ

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ն առաջին անգամ զրուցեց հայտնի ծանրորդ Յուրի Վարդանյանի որդու` Նորայրի հետ, ով շատ անմիջական, բարի ու հետաքրքիր զրուցակից է:
Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
14 տարեկան էի, ու առաջին մրցմանն էի մասնակցում Ավստրալիայում: Հիշում եմ, ոնց էի հուզվել ու հարթակի վրա վախեցած դողում էի:

Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Այո, ես ձախլիկ եմ, բայց գեղեցիկ եմ գրում:

Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Մի քանի ամիս առաջ, երբ հավաքի էինք Աբովյանում ու ավտոբուսով գնացի Երևան:

Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
Երևի 400 դրամ:

Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Մեկ-մեկ:

Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Չգիտեմ:

Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել հայրդ` Յուրի Վարդանյանը:
82,5 կգ:

Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Որ մի օր կարող են շատ ուրախ լինել, բայց մյուս օրն այնքան վատ վարվեն հետդ, որ զարմանաս:

Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու ամերիկացիները:
Նմանություն չգիտեմ, բայց տարբերություններ շատ ունեն: Հայերը շատ շնորքով են:

Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
Հեռուստացույց շատ չեմ նայում: Ավելի շատ կինոներ եմ դիտում:

Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
Չգիտեմ:

Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
Պեկինի:

Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Պառկեմ ու կինո նայեմ: Հանգստանում եմ նաև մեքենա քշելով:

Քո սիրած մուլտֆիլմը:
«Առյուծ արքան»

Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Չեմ տեսել:

Երբեմն ես կարոտում եմ…
Ամերիկայի ընկերներիս:

Երբ ես փոքր էի երազում էի…
Օլիմպիական չեմպիոն դառնալ:

Իմ անունը դրել են Նորայր, որովհետև…
Պապիկիս անունն է:

Ես սիրում եմ գումար ծախսել…

Ուտելիքի վրա:

Ինձ խենթացնում է, երբ …
Պետավտոտեսուչն անիմաստ կանգնեցնում է մեքենան:

Բոլորից համեղ պատրաստում է …
Մայրիկս:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Նորայր Վարդանյան

Ծանրորդ Նորայր Վարդանյանը ծնվել է 1987 թվականի մայիսի 15-ին Լենինականում (Գյումրի): Զբաղվել է կառատեով և բասկետբոլով: 2005 թվականից մարզվում է ծանրամարտով: Առաջին մարզիչը եղել է հայրը` հանրահայտ ծանրորդ Յուրի Վարդանյանը:

Նորայրը 4 անգամ դարձել է ԱՄՆ-ի չեմպիոն, մեկ անգամ էլ հռչակվել է Պանամերիկյան խաղերի հաղթող: 2009 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Լոնդոնի Օլիմպիական խաղերը նրա համար լինելու են առաջինը:

---