Լարիսա Ալավերդյան.Պատմության համար մեր այս ճանապարհը մի ակնթարթ է. հաղթանակը հեռու չէ 7 մարտի 2013 PanARMENIAN.Net - Հայաստանում նախագահական ընտրություններից հետո բարձրացող բողոքի ալիքը կարծես սովորական է դարձել: Ընտրության հենց հաջորդ օրը սպասելի է, որ մարդիկ դուրս կգան հրապարակ և իրենց թեկնածուից կպահանջեն տեր կանգներ իրենց տված քվեին: Փետրվարի 18-ից հետո էլ ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալներով մոտ 37 տոկոս ձայներ ստացած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտրազանգվածի մի մասի և համակիրների հետ դուրս եկավ Ազատության հրապարակ, հայտարարեց, որ ժողովուրդն իրեն է ընտրել ՀՀ նախագահ և գործող նախագահից պահանջեց հանձնել իշխանությունը ժողովրդին: Այս շարժման, քաղաքացիական հասարակության` շարժմանը ներգարվելու, հասունանալու և այս ամենին իշխանությունների արձագանքի վերաբերյալ PanARMENIAN.Net-ը զրուցել է Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան, նախկին պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ: Վերջին երկու ընտրություններից հետո առաջացած բողոքի ալիքն ու շարժումները բավական տարբեր են: Ո՞րն է այս շարժման առանձնահատկությունը և ինչով է այն տարբերվում 2008-ի շարժումից: Ի հեճուկս այն կարծիքի, որ ժողովուրդը հոգնում է, և ակտիվ զանգվածը դուրս է մղվել, մեկ է` ժողովուրդն ամեն անգամ ապացուցում է, որ ինքը ունի անմար ցանկություն` ունենալ իրավական պետություն: Դա այն դասն է, որը քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերը պետք է քաղեն: Երտասարդ այն խավը, որ 2008-ին արդեն երևացել է, և այսօր քաղաքացիական հասարակությունը շատ ավելի հասուն որակներով է հանդես գալիս: Եթե 2008-ին գնում էր` «կամ այսօր, կամ տեսեք… ինչ ուզում է լինի», ապա այսօր չի ասում` «ինչ ուզում է լինի»: Ասում է` «պետք է լինի օրինական և պետք է անպայման լինի»: Տարբերությունն այն է, որ նա չի գնում` «այս գիշեր կամ երբեք»-ի: ՀԱԿ-ը ժողովրդին սովորեցրեց, որ պայքարը կարող է երկարատև լինել: Բայց ես ցավում եմ, որ 4 տարի տևած պայքարից հետո պայմանավորվածությունների տպավորություն ստեղծվեց և բերեց մարման: Այն խավը, որ եղել ՀԱԿ-ի կողմնակից, մեծ մասը այսօր էլ գալիս է հրապարակ, բայց եկողների մեջ կան այն մարդիկ, ովքեր կողմնակից են ծրագրային այն դրույթներին, որով հանդես է գալիս «Ժառանգությունը» և ոչ միայն «Ժառանգությունը», օրինակ ՀՅԴ հետևորդ ինչ-որ խավ: Քաղաքական ակտիվի խնդիրն այն է, որ պետք է դուրս մղել եղած հակասությունները և կարողանալ առողջ գաղափարների շուրջ միավորվել:
2008-ին, ըստ որոշ վերլուծաբանների, ատելության դաշտ կար: Այսօր կարծես ավելի հանդուրժողական մթնոլորտ է Ազատության հրապարակում: Ինչո՞վ է դա պայմանավորված: Առաջին հերթին պայմանավորված է քաղած դասերով` 2008 թվականի ողբերգական և հանցագործ էջից: Դա դաս է: Գիտե՞ք, կան ժողովուրդներ, որ տասնյակ տարիներ են պայքարում, հետո միայն հաղթում: Նրանք չեն հիասթափվում: Ես համոզված եմ, որ մեր հասարակությունը դասեր քաղել է, բայց քաղել է նաև իշխանությունը: Ինչքան էլ, որ քննադատեմ ու զարմանքս հայտնեմ, թե ինչքա՞ն կարելի է երկիրը տանել կործանման, միևնույնն է, ես էլի հույս ունեմ, որ իշխանության ներսում կան ուժեր, որ հստակ հասկանում են` չի կարելի այսպես շարունակել: Երկրորդը հարթակի առաջին դեմքի` տվյալ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի և այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերությունն է: Ինչպես նաև իշխանությունը ներկայացնող առաջին դեմքերի տարբերությունն է: Ես առաջին հերթին մեծ տեղ եմ տալիս անձնական որակներին և այս անգամ կարծում եմ, որ ավելի դրական մթնոլորտ է: Բայց կա մի վտանգ` գործող նախագահի շրջապատում կան այնպիսինները, որոնք ոչ թե իրենց կյանքի, այլ այլոց կյանքի գնով պատրաստ են գնալ ցանկացած սադրանքի: Իշխանությունը, նախևառաջ, պետք է զգույշ լինի այդ սադրանքից: Եթե գործող նախագահի շրջապատում կան առողջ ուժեր, նրանք պիտի այսօր գտնեն այն ճանապարհը, որը մեզ դուրս կհանի հերթական նախաբախումնային վիճակից: Մենք պետք է ապացուցենք, որ մենք մեզանով կարողանում ենք ոչ բախումնային լուծում գտնել, և դա քաղաքական որոշումների դաշտում է: Որոշումը փոփոխության ենթակա իրավական դաշտում է:
Ի՞նչ կտա այս պայքարը մեր հասարակությանը: Նախ հասունացում: Ես համոզված եմ, որ սա վերջին ընտրություններն են, սրանցով վերջ ենք դնում, փակագիծը փակում ենք այդ «չընտրությունների» շարանին: Պետք է հստակ պատնեշ դնել: Պետք է իրավապահ և ուժային բոլոր մարմինները այսօր պատ կազմեն այն քերաօլիգարխիկ խմբերի դեմ, այլ ոչ թե հանեն իրավապահ մարմինները ժողովրդի դեմ ու հետագայում ստեղծեն մի իրավիճակ, որ կասկած ծնվի` ո՞վ է հերթական սադրանքը կազմակերպել: Ես համոզված եմ, որ 2008-ի մարտի սադրանքը կազմակերպել են իշխանությունները կամ չեն կարողացել կանխել այն սադրանքը, որը կազմակերպել են իշխանական թևին հարող քրեաօլիգարխիկ խմբերը: Արդյո՞ք ադեկվատ է իշխանությունների արձագանքը քաղաքացիական հասարակության պահանջներին և թո՞ւյլ է տալիս, որ մեր երկրում ձևավորվի այդ հասարակությունը: Ոչ: Կան այպիսի անձինք, որոնք պաշտպանում են իշխանությանը, ես զարմանում եմ, որ միթե հասկանալի չէ, որ այդ մարդկանց շուրթերից եկած պաշտպանությունն ուղղակի տապալում է իշխանությանը: Թույլ և ոչ տրամաբանական բանաձևերով հանդես եկող իշխանությունը ցույց է տալիս, որ չի տիրապետում այսօր ստեղծված իրավիճակին: Այն թույլ է: Իշպանությունն, անգամ Ազգային ժողովում լինելով մեծամասնություն, ցույց տվեց իր թուլությունը` բոյկոտելով փոքրամասնության կազմակերպած արտահերթ նիսը, Էթիկայի հանձնաժողովում մեկ անդամով ավելացնելով իրենց թիվը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում իշխանական դաշտում, այն անորոշությունը դեմքերի, լինի ԱԺ նախագահի, լինի այլոց… կարելի է հոգեբանական փորձ անցկացնել, որ այդպիսի արտահայտություններով միայն թեկուզ ապացուցում է իշխանության տանուլ տված վիճակը: Վերջին ճիգերը, որ գործադրում են ցույց տալու, թե չեն հանձնելու իշխանությունը, խոսում է միայն իրենց թոլության մասին:
Ինչպիսի՞ հանգուցալուծում է սպասվում: Տեսնո՞ւմ եք քաղաքացիական հասարակության հաղթանակը: Ես տեսնում եմ այդ հաղթանակը: Ապագայում լինի, թե` երբ… երիտասարդները հաստատ տեսնելու են, բայց ես էլ եմ տեսնելու: Ես ուզում եմ, որ դա առաջին հերթին տեսնեն նրանք, ովքեր այսօր իշխանությունն այդպես ոչ մաքուր տեխնոլոգիաներով յուրացնում են: Ամենաթեթև խոսքերն եմ ասում: Էլ չեմ ասում հանցագործությունը, որ տեղի ունեցավ 2008-ին: Այդ ճանապարհը մերժելի է, մերժված է և հաղթանակն այդքան հեռու չէ, ինչքան թվում է: Ես դեռ 2008-ին եմ ասել: Այն կարծիքին, որ այս գիշեր իշխանությունը վերցնելու է ժողովուրդը, ես ասել եմ` միայն չհիասթափվեք, եթե այն տեղի չունենա այս պահին: Պատմության համար մեր այս ճանապարհը, որ անցնում ենք մի ակնթարթ է: Ես համոզված եմ, որ հաղթանակը հեռու չէ:Մարի Թարյան / PanARMENIAN News Հոդվածներ. Քաղաքականություն | ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը |