Վրաստանում նշեցին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

Վրաստանում նշեցին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:

Համերգի ընթացքում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ ընթերցվեցին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի և ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղերձները: ՀՀ դեսպանն իր ուղերձում նշել էր. «Հատկապես կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև հաստատված է ամուր քաղաքական երկխոսություն, ինչը հատուկ վերաբերմունք է հաղորդում երկկողմ հարաբերություններին»:

Վրաստանի ԱԳ նախարարի ուղերձում, մասնավորապես` նշված էր. «Վրաստանում քաջածանոթ են հայ գրականության դասականներից շատերի` Հովհաննես Թումանյանի, Գաբրիել Սունդուկյանի, Սայաթ-Նովայի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններին, որոնցից շատերն ապրել և ստեղծագործել են Թբիլիսիում: Ուզում եմ ողջունել այն փաստը, որ հայ-վրացական մշակութային հարաբերությունները շարունակում են մեր նոր սերունդները: Հուսով եմ, որ ապագայում ևս տեղի կունենան վրացական և հայկական համույթների համերգներ, ինչն էլ ավելի կամրացնի մեր երկու ժողովուրդների միջև առկա ավանդական եղբայրությունն ու բարեկամությունը»:

Համերգի ընթացքում, որպես երկու երկրների մշակութային համագործակցության բարձր մակարդակի և այդ ուղղությամբ տարվող քաղաքականության իրագործման խորհրդանիշ, ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Մովսես Խորենացու մեդալ փոխանցվեց Թբիլիսիի Փալիաշվիլիի անվան ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Վադիմ Շուբլաձեին` արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի համերգին ներկա էին Թբիլիսիում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և միջազգային առաքելությունների, Վրաստանի պետական, մշակութային և հասարակական շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---