ԵԱՀԿ նախագահ. Եթե ուզում ես խաղաղություն կնքել թշնամուդ հետ, պետք է աշխատես թշնամուդ հետ. այդ դեպքում նա կդառնա քո գործընկերը

ԵԱՀԿ նախագահ. Եթե ուզում ես խաղաղություն կնքել թշնամուդ հետ, պետք է աշխատես թշնամուդ հետ. այդ դեպքում նա կդառնա քո գործընկերը

PanARMENIAN.Net - «Եթե ուզում ես խաղաղություն կնքել թշնամուդ հետ, պետք է աշխատես թշնամուդ հետ: Այդ դեպքում նա կդառնա քո գործընկերը»,- այս խոսքերն, իրեն բնորոշ ճարտասանությամբ, ասվել էին Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի կողմից: 1990-ականների սկզբին երկխոսության և հավատի սերմանման աստիճանական գործընթացի միջոցով Նախագահ Մանդելան և այլոք հասան մի բանի, ինչը նախկինում անհնարին էր թվում` քաղաքական կարգավորման ու հաշտեցման»,- այսօր Դուբլինում մեկնարկող քաղաքական կոնֆլիկտների կարգավորմանը նվիրված միջազգային կոնֆերանսի նախօրեին հայտարարել է Իռլանդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ ներկայիս նախագահող Իմոն Գիլմորը: Գիլմորի ուղերձում մասնավորապես ասվում է. «Նրա խոսքերը մեծ հնչեղություն ունեն Իռլանդիայում: «Ընկերներիդ հետ խաղաղություն չես կնքում» ասացվածքը հաճախ է գործածվել խաղաղասիրական մեր սեփական գործընթացի ժամանակ: Անշուշտ, Նախագահ Մանդելան և այլոք ակտիվորեն կիսեցին իրենց փորձը առանցքային այն գործիչների հետ, ովքեր ներգրավված էին Ավագ ուրբաթի համաձայնագրին /Good Friday Agreement/ հանգեցնող բանակցություններում:

Ամբողջությամբ չէր, որ փորձն ուղղակիորեն համապատասխանում կամ կիրառելի էր, սակայն էությունը լսելն էր, կիսվելը և առերևույթ անհաղթահարելի խնդիրների վերաբերյալ թարմ կարծիքներ ձեռք բերելը: Այս կարգի միջազգային աջակցությունը կարևոր դեր է խաղացել խաղաղասիրական գործընթացում և շարունակում է խաղալ:

Մենք էլ մեր հերթին ենք ներգրավել մեր սեփական փորձը կիսելու աշխատանքում: Իռլանդիան ունի անհնարինը հնարավոր դարձնելու իր սեփական յուրահատուկ պատմությունը: Ավագ ուրբաթի համաձայնագիրը /Good Friday Agreement/ փոխակերպեց Իռլանդիայի և Բրիտանիայի հարաբերությունները երկրների ներսում և միմյանց միջև: Տասնյակ տարիների անվստահությունից հետո մեր երկու կղզիների հարաբերությունները երբևիցե ավելի ամուր չեն եղել, ինչը խորհրդանշվեց անցյալ տարի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պետական այցով: Հունիս ամսին օլիմպիական ջահի անցումը Իռլանդիայով հարաբերությունների փոխակերպման ևս մեկ նշան է:

Մեր օրինակը հակամարտությունների լիարժեք կարգավորման օրինակ չէ. կան ոլորտներ, որտեղ պահանջվում է լրացուցիչ ջանքերի գործադրում բոլորի կողմից: Բայց ես հաստատապես համոզված եմ, որ մեր պարտավորությունն է հենվել մեր փորձի վրա` աշխարհի այլ մասերում խաղաղության համար աշխատողներին աջակցություն առաջարկելիս: Սա է պատճառը, որ այսօր Դուբլինում անց է կացվում միջազգային համաժողով, որի ընթացքում որպես իրավիճակի ուսումնասիրություն` կներկայացվի Հյուսիսային Իռլանդիայում քաղաքական խաղաղ կարգավորման հասնելու փորձը: Համաժողովը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Իռլանդիայի նախագահության մասն է կազմում: Ինձ կմիանան Պիտեր Ռոբինսոնը և Մարտին Մակգինեսը, որոնց աշխատանքային հարաբերությունները որպես Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար և առաջին նախարարի տեղակալ` զորավոր խորհրդանիշ են, թե ինչի կարելի է հասնել խաղաղության միջոցով, ինչպես նաև Ֆինլանդիայի նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին, ԱՄՆ սենատոր Ջորջ Միթչելը և պետքարտուղար Օուեն Պատերսոնը:

Մենք չենք ներկայացնելու «քաղած դասերը» կամ առաջարկելու գործողության նախագծեր: Սակայն կա համընդհանուր փորձ, որը կարծում եմ կարող ենք ընդգծել, այն է` որ քաղաքական կամքի և առաջնորդության դեպքում կարելի է հասնել առերևույթ անհնարինին, որ խաղաղությունը մի գործընթաց է, որը սկսվում է համաձայնագրի ստորագրումից, որ անլուծելի թվացող խնդիրները կարելի է լուծել համաձայնագիրն իրականացնելու արդյունքում ձևավորված վստահության միջոցով և, որ խաղաղությամբ կարելի է հասնել տնտեսական աճի, բոլորի համար բարեկեցիկ և ավելի լավ կյանքի:

Հուսով եմ, որ այս համաժողովը կօգնի և կոգեշնչի նրանց, ովքեր ձգտում են ԵԱՀԿ տարածքում և այլուր կերտելու հակամարտությունների տևական կարգավորում, փնտրելու միջանկյալ լուծումներ, որի դեպքում համաձայնությունը հնարավոր է դառնում: Ամենից առաջ, հուսով եմ, որ կկարողանանք խրախուսել, որպեսզի իրենց թշնամու մասին մտածեն որպես իրենց ապագա գործընկերոջ մասին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---