«Զվարթնոց» օդանավակայանը երկաթգծով կմիանա մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին

«Զվարթնոց» օդանավակայանը երկաթգծով կմիանա մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյան,«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնում են, որ նախագծվող երկաթուղու երկարությունը կազմում է 7800 մետր, որից նոր կառուցվող հատվածը՝ 5350 մետր է: Նախատեսվում է նաև 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում: Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը երկաթուղային գծով միացնել մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի «Կարմիր բլուր» կայարանի հետ:

Հուշագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը: Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճող ծավալներն ապահովելու նպատակով` Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում:

Հուշագրով Կողմերը պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք եռամսյա ժամկետում համատեղ առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---