Հայաստանը կմասնակցի «EUROSTUDENT» նախագծի հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին![]() 16 մայիսի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «EUROSTUDENT» նախագծի միջազգային համակարգող թիմի ղեկավար Դոմինիք Օրրը ստորագրել են երկկողմ պայմանագիր, որի շրջանակում այլ եվրոպական երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի բարձրագույն կրթության բնագավառում ուսանողների սոցիալական և տնտեսական պայմանների, ուսուցման ձևերի և եղանակների, ինչպես նաև միջազգային շարժունությունն ուսումնասիրող հետազոտության աշխատանքներին: Ծրագիրը Բոլոնիայի գործընթացի համատեքստում հնարավորություն կընձեռի իրականացնել ազգային բարձրագույն կրթության չափանիշների համեմատական ուսումնասիրություն վերոնշյալ հարցերով և համադրել ստացված տվյալները Բոլոնիայի անդամ երկրների տվյալների հետ: «EUROSTUDENT»-ը ստեղծվել է 1999 թվականին` նպատակ ունենալով աջակցել Բոլոնիայի բարեփոխումներին և նպաստել Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքի ստեղծմանը: Ընդհանուր առմամբ Կոնսորցիումի աշխատանքներին կմկասնակցի 30-ից ավելի երկիր, և «EUROSTUDENT» ծրագրին մասնակցելու հրավեր են ստացել նաև Խորհրդային Միության նախկին այն երկրները, որոնք պատրաստ են ժամանակակից գիտահեն հասարակարգում բարելավել բարձրագույն կրթության ընդհանուր մակարդակը և այն հասանելի դարձնել հասարակության տարբեր խավերի ուսանողների համար: «EUROSTUDENT» նախագիծն իրականացվելու է 2012-2015 թվականներին, իսկ դրանից հետո կարող է շարունակվել կողմերի համաձայնության դեպքում: «EUROSTUDENT» նախագծի հինգերորդ կոնսորցիումին մեր երկրի մասնակցության համար կձևավորվի ազգային թիմ, որն ըստ արդեն հաստատված ժամանակացույցի կապահովի ծրագրի արդյունավետ իրականացումը: ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնակցությունը «EUROSTUDENT» հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին հնարավորություն կընձեռի ստեղծել ուսանողների մշտադիտարկման չափելի մեխանիզմներ և գործիքներ, ինչպես նաև կապահովի ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման շրջանակի ընդլայնումը և ակտիվ համագործակցությունը Բոլոնիայի պայմանագիրը ստորագրած այլ անդամակից երկրների հետ: «EUROSTUDENT» հինգերորդ կոնսորցիումի իրականացման ժամկետները համընկնում են մեր երկրի կողմից Բոլոնիայի Քարտուղարության պարտականությունները (2012-2015 թվականներին) կատարելու հետ, և այն կհանդիսանա լրացուցիչ հնարավորություն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավելագույնս նպատակաուղղված և բովանդակալից ձևով կազմակերպելու և իրականացնելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |