Հայ հաքերը դատապարտվել է 4 տարի ազատազրկման

Հայ հաքերը դատապարտվել է 4 տարի ազատազրկման

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել համակարգչային սաբոտաժի համար Ռուսաստանի քաղաքացի Գ. Ավանեսովին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման: Այս մասին տեղեկացանք դատախազության պաշտոնական կայքէջից։

Աղբյուրի հաղորդմամբ, դատարանում հետազոտված ապացույցների համաձայն` Գ.Ավանեսովը, օգտագործելով իր կողմից ստեղծված բոտնետի առցանց համակարգիչների հնարավորությունները, «DDoS» տեսակի հարձակումներ է իրականացրել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող կայքերի և IP-հասցեների վրա` խափանելով այդ կայքերի բնականոն աշխատանքը, ուղեփակելով այնտեղ պահվող համակարգչային տեղեկատվությունը և ոչ պիտանի դարձնելով այդ համակարգչային համակարգերը։

«Մասնավորապես` 2010թ. հոկտեմբերի 1-ին Գ. Ավանեսովը, օգտագործելով իր կողմից ստեղծված բոտնետի առցանց համակարգիչների թվաքանակի 25 տոկոսը, «DDoS» տեսակի հարձակում է իրականացրել ռուսաստանյան «Մակոմնետ» ՓԲ ընկերությանը (http://macomnet.ru) պատկանող IP հասցեի վրա, որի հետևանքով հիշյալ կազմակերպության համապատասխան սարքավորումը ժամանակավորապես շարքից դուրս է եկել և մոտ 192 հաճախորդ զրկվել է «Մակոմնետ» կազմակերպության մատուցած համացանցային ծառայություններից օգտվելու հնարավորությունից` առաջացնելով ծանր հետևանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. մայիսի 21-ի դատավճռով Գ. Ավանեսովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով:

Նախաքննական մարմնի կողմից Գ. Ավանեսովին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածով և 256-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը, հիմք ընդունելով «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ազգային ժողովի` 2011թ. մայիսի 26-ին ընդունված որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, Գեորգի Ավանեսովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածով և 256-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---