Հայաստանում սեռական փոքրամասնություններին իր աջակցությունն է հայտնում նաև ԵԽ գրասենյակը

Հայաստանում սեռական փոքրամասնություններին իր աջակցությունն է հայտնում նաև ԵԽ գրասենյակը

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակն այսօր հանդես է սեռական փոքրամասնությունների վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է.

«Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և անհատների ու խմբերի նկատմամբ հնչած անհանդուրժողական արտահայտությունները նրանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված, Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակը ցանկանում է հիշեցնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր Քարտուղարի 2012թ. մայիսի 15-ին արված հայտարարությունը, որում նշվում է, որ ԼԳԲՏ անձինք դեռևս ենթարկվում են անհանդուրժողական վերաբերմունքի և սոցիալական պատնեշների Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մեծ մասում, եթե ոչ բոլոր երկրներում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռները վեր են հանում գեյ փրայդ շքերթների նկատմամբ կիրառվող չարդարացված արգելքներ և վարչական խոչընդոտներ: Դրանք արտացոլում են սոցիալական իրավունքների, ինչպես օրինակ աշխատանքային իրավունքի իրացման հետ կապված խտրականության խնդիրներ: ՄԻԵԴ-ի կողմից քննման ենթակա մի շարք գործեր առնչվում են «միասեռականության քարոզի» հետ կապված մեղադրանքների և կարող են հանգեցնել խոսքի ազատության խախտումների: Նման օրենսդրության ընդունումը հաճախ սկսվել է տեղական կամ մարզային մակարդակներում, սակայն վերջին ամիսներին որոշ երկրներում արձագանք է գտել նաև համազգային մակարդակում:

Մարդու իրավունքների հանձնակատարի 2011թ. սեպտեմբերի զեկույցը` ԵԽ անդամ 47 երկրներում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված խտրականության վերաբերյալ, վեր է հանում մի շարք լրացուցիչ խնդիրներ, ինչպես օրինակ կրթության և առողջապահության ոլորտների ծառայություններից օգտվելը, գենդերային ճանաչումը, ինչպես նաև ընտանեկան կյանքի ճանաչումը: Այն մատնանշում է նաև քաղաքական գործիչների թույլ տված հոմոֆոբիկ հայտարարությունները:

Բազմաթիվ անդամ երկրներ վերջին տարիներին կարևոր առաջադիմական քայլեր են ձեռնարկել ԼԳԲՏ անձանց օրենքի առջև հավասարությունն ապահովելու ուղղությամբ, օրինակ ապօրինի որակելով սեռական կողմնորոշման հիման վրա խտրականությունը և ընդունելով նույնասեռական քաղաքացիական միությունները: Եվրոպական մակարդակում մենք նշանակալի առաջընթաց ենք արել` երկու տարի առաջ ընդունելով տվյալ հարցի վերաբերյալ Նախարարների Կոմիտեի հանձնարարականը, ինչպես նաև այս մարտին կազմակերպելով կոնֆերանս Միացյալ Թագավորության նախագահության շրջանակներում: Եվրոպայի Խորհրդում մենք արձագանքում ենք մեր կառույցների, ինչպես նաև Քարտուղարության շրջանակներում ստեղծված ԼԳԲՏ բաժնի միջոցով: ԵԽ-ն ներկայումս աշխատում է վեց երկրների հետ` Ալբանիա, Մոնտենեգրո, Իտալիա, Սերբիա, Լատվիա և Լեհաստան, այս հարցի վերաբերյալ ծրագրերի ստեղծման շուրջ, և ես քաջալերում եմ այլ երկրների ևս միանալ այս նախաձեռնությանը:

Նախ և առաջ, ազգային իշխանությունները պատասխանատվություն են կրում ապահովելու իրենց երկրների կողմից միջազգային պարտավորությունների կատարումը, այդ թվում արձագանքելով տեղական և մարզային մակարդակներում արվող բացասական քայլերին: Քաղաքական ղեկավարները ևս պատասխանատվություն են կրում անմիջապես և խստորեն արձագանքելու ընդդեմ անհանդուրժողականության և հոմոֆոբիայի ցանկացած դրսևորման, հատկապես երբ դրանք թույլ են տրված այլ քաղաքական գործիչների կողմից»։

Երեկ ԱՄՆ դեսպանատունը ևս հայտարարություն էր տարածել Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնության վերաբերյալ։

ԱՄՆ դեպանատնից հետո Հայաստանում սեռական փոքրամասնությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրոպայի խորհուրդը

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---