Հունիսի 15-ին Տոկիոյում տեղի կունենա Հայկ Մելիքյանի «Վեստմինստերյան ֆանտազիայի» պրեմիերան

Հունիսի 15-ին Տոկիոյում տեղի կունենա Հայկ Մելիքյանի «Վեստմինստերյան ֆանտազիայի»  պրեմիերան

PanARMENIAN.Net - 2012 թ. երկրագնդի գլխավոր իրադարձությունների շարքում են Անգլիայի Էլիզաբեթ թագուհու գահակալման 60-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք պարբերաբար տեղի են ունենում աշխարհի տարբեր ծայրամասերում: Անգլիական աշխարհահռչակ «Backes and Strauss» ժամացույցների բրենդը ևս չկորցրեց Թագուհուն իր բարձրարժեք նվերը մատուցելու առիթը: Հիշեցնենք, որ «Backes and Strauss» բրենդն արտադրում է բացառապես ադամանդազարդ ժամացույցներ և այս տարի թողարկել է «Թագուհի» անվանումով ադամանդակուռ ժամացույց, որը կհանձնվի Թագուհուն Լոնդոնում` հատուկ շնորհանդեսի ժամանակ:

Այդ առիթով «Backes and Strauss»-ի հատուկ առաջարկով հայազգի դաշնակահար և կոմպոզիտոր Հայկ Մելիքյանին պատվիրվեց գրել «Backes and Strauss»-ի հոբելյանական օրհներգը կամ «Վեստմինստերյան ֆանտազիան»` հիմնված Անգլիայի ազգային օրհներգի և Վեստմինստերյան Բիգ Բենի հանրաճանաչ երաժշտության վրա: Ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա հունիսի 15-ին` Տոկիոյում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում, այնուհետև նույն երեկո` «Grand Hyatt Tokyo» հյուրանոցում` հատուկ ընդունելության ժամանակ: Այս առիթով Ճապոնիայի մայրաքաղաք են հրավիրված 200-ից ավելի հյուրեր, որոնց թվում են համաշխարհային շոու-բիզնեսի անվանի աստղեր, նորաձևության ներկայացուցիչներ, կինոարվեստի և երաժշտության ճանաչված գործիչներ: Հաջորդ երեկո` հունիսի 16-ին, տեղի կունենա Հայկ Մելիքյանի մենահամերգը Տոկիոյի «Roppongi» սրահում: Դաշնակահարը ծրագրում ընդգրկել է Ֆ.Շոպենի, Հ.Փյորսելի, Բ.Բրիտենի, Ա.Բաբաջանյանի, Տ.Տակեմիցուի, ինչպես նաև «Backes and Strauss»-ի հոբելյանական օրհներգը:

«Backes and Strauss»-ի հոբելյանական միջոցառումները կշարունակվեն տարվա ընթացքում Հոնգ-Կոնգում, Նյու-Յորքում, Տորոնտոյում, Լոնդոնու, Դելիում, Աթենքում, Լյուքսեմբուրգում, Կուալա-Լումպուրում և Սինգապուրում:

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նրա միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000թ. Հռոմում` «Concerto di Concerti» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային ամերիկաների բազում երկրներում:

2000թ. Հռոմում կայացած «Premio Valentino Bucchi» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց հետո, ժամանակակից երաժշտությունը զբաղեցրեց նրա նվագացանկի գերակշիռ չափաբաժինը: Հայկ Մելիքյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, այդ թվում` «Yvar Mikhashoff Trust for New Music» (Բուֆֆալո, ԱՄՆ, 2012), Օրլեանի միջազգային դաշնամուրային մրցույթի «Սամսոն Ֆրանսուայի» և «Անդրե Բուկուրեշլիևի» անվան մրցանակներ (Ֆրանսիա, 2008, 2012), Ղազարոս Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 1-ին կարգի մրցանակ (Երևան, ՀՀ, 2008), «Ibla Grand Prize» դաշնամուրային մրցույթի հատուկ մրցանակ (Ռագուսա, Իտալիա, 1999) և այլն:

Հայկ Մելիքյանը հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Այս գործունեությունը հանգեցրեց դաշնակահարին 2009թ. հիմնելու «1900+» համերգաշարը` նվիրված 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: 2007թ. ի վեր Հայկ Մելիքյանի կատարումները թողարկվում են ինչպես սոլո ալբոմների ձևաչափով, այնպես էլ` հավաքածուներում: Նրա դաշնամուրային փոխադրումները, համերգային պարաֆրազներն ու մշակումներն աշխարհի շատ դաշնակահարների նվագացանկի անբաժանելի մասն են: Շնորհիվ դաշնակահարի ստեղծարար երևակայության` նա միջազգային ունկնդրի կողմից ձեռք է բերել որպես իմպրովիզացիայի բացառիկ տաղանդի տեր վարպետի համբավ, ինչը դաշնակահարի մենահամերգներին հաղորդում է արտասովոր երանգ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---