Հայ առաքելական եկեղեցին «Ոսկե ծիրան» փառատոնում սահմանել է «Եղիցի լույս» մրցանակը

Հայ առաքելական եկեղեցին «Ոսկե ծիրան» փառատոնում սահմանել է «Եղիցի լույս» մրցանակը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնում Հայ առաքելական եկեղեցին սահմանել է «Եղիցի լույս» մրցանակը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Մրցանակն, այս տարի կշնորհվի հանրահայտ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին, որը լինելու է փառատոնի գլխավոր հյուրը: Եպիսկոպոսի խոսքով, մրցանակը որոշելու համար Առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներից ձևավորվել է խորհուրդ, որն էլ որոշել է մրցանակի տիրոջը:

Մրցանակի հեղինակն է Նուռը:

Մրցանակը պատրաստված է բրոնզից, արծաթից, օնիքսից, ապակուց և հասպիսից: Այն նման է քրիստոնեության խորհրդանիշերից մեկին` ձկան, ունի երեք գունդ, որը խորհրդանշում է սուրբ երրորդությունը, հասպիսը խորհրդանշում է հողը, մանուշակագույնը Հայ Առաքելական եկեղեցու գույնն է:

Խորհրդին «Ոսկե ծիրան» փառատոնն առաջարկել է ռեժիսորի թեկնածությունը, որն էլ հաստատվել է: Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն ասաց, որ թեկնածուների թվում էին նաև Տավիանի եղբայրները և Աբաս Քյառոսթամին: Մյուս տարի, այդ եռյակում հնարավոր է լինի նաև Արտավազդ Փելեշյանը:

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: Կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---