2013թ. հունիսին «Ասպետի» հետ կկազմակերպվի ճամբար աղջիկների համար

2013թ. հունիսին «Ասպետի» հետ կկազմակերպվի ճամբար աղջիկների համար

PanARMENIAN.Net - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն առաջին անգամ մասնակցել են «Ասպետ» ռազմամարզական ճամբարին Լեռնային Ղարաբաղում: Կրթահամալիրի 60 սաների մասնակցությանը աջակցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարևորեց, որ սաների մասնակցությունն այդ ճամբարին կնպաստի Արցախի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդմանը, մասնակիցները միասին փորձում են խնդիրներ քննարկել, գտնել լուծումներ:

«Ասպետ» ռազմամարզական ճամբարում հայաստանյան նախագծի ղեկավար Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ ճամբարը գտնվում է ԼՂՀ Նոր Այգեստան գյուղի տարածքում: «Այս տարի 120 մասնակից կար Ղարաբաղից, 60 մասնակից Հայաստանից` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Հաշվի առնելով, որ տղաները կրթահամալիրն ավարտելուց հետո բանակ են գնալու, կարևոր էր, որ նրանք իրական դաշտային պայմաններում ծանոթացան ռազմական գործին, շփվեցին իրենց արցախցի հասակակիցների հետ, իմացան, թե ինչ է իրականում բանակն ու «զինվորական միջավայրը»:

«Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակից Արտավազդ Սողոմոնյանը պատմեց, որ ճամբարում ձեռք բերեց հմտություններ, որ պետք կգան ՀՀ Զինված ուժերում ծառայելու ժամանակ: «Ես հասկացա, որ բանակում ծառայելը բարդ բան չէ, եթե սիրով ես գնում»,- ասաց նա:

Ճամբարն արդեն չորս տարվա պատմություն ունի, մասնակցում են Արցախի, լիբանանցի, սիրիացի 15-17 տարեկան հայորդիները: Ճամբարը պարտադիր է ԼՂՀ բարձր դասարանի սովորողների համար:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն Արցախի ԿԳ նախարարության հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել: Հոկտեմբերին Գանձասարում երկրորդ անգամ կկազմակերպվի Արցախ-Հայաստան մեդիաօլիմպիական ճամբարը: Իսկ 2013թ. հունիսին «Ասպետի» հետ կկազմակերպվի ճամբար աղջիկների համար կամ «Ասպետը» կներառի նաև աղջիկների ջոկատներ, և ճամբարը ռազմական գործի հետ կկազմակերպի նաև առաջին բուժօգնության և քաղպաշտպանության դասընթացներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---