ՀՀ ԱԺ կասեցնում է Հունգարիայի խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները

ՀՀ ԱԺ կասեցնում է Հունգարիայի խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները

PanARMENIAN.Net - 96 կողմ դեմ 1 ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարությունը։ Միակ դեմ քվեարկած պատգամավորը «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն է եղել, իսկ նրա գործընկերը` «Ժառանգություն» կուսակցության պատգմավոր Ռուբեն Հակոբյանը, քվեարկությանը չի մասնակցել։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը այսօր կայացած նիստի ժամանակ անդրադարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին` 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը, նշում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նիստի ժամանակ ընդգծվել է, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը: Քննադատվել են հունգարական իշախանությունները և իրավասու մարմինները, որոնք չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել և ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները խրախուսելու համար: Նիստի ընթացքում նշվել է, որ հանցագործությունը հետևանք է ադրբեջանական իշխանությունների կողմից հետևողականորեն քարոզվող այլատյացության քաղաքականության, իսկ հանցագործին ներում շնորհելով` Ադրբեջանի նախագահը և ադրբեջանական իշխանությունները ստանձնում են նրա հանցանքի պատասխանատվությունը:

ԱԺ պատգամավորները քննադատել են Հունգարիայի իշխանություններին, նշելով, որ նրանք նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, հետևաբար ԱԺ-ն կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները:

Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու իր հետևողական քաղաքականությունը: Հաշվի առնելով այս ամենը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել էր որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---