Մեր հանճարները մեր կողքին են... ժամանակավոր

Մեր հանճարները մեր կողքին են... ժամանակավոր

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի բանուկ վայրերում նստարաններին տեղադրել հայ մեծերի արձանները: Նախագիծը կրում է «Մեր հանճարները մեր կողքին են» խորագիրը: Ինչպես նշել էր Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, մինչև Էրեբունի-Երևանի տոնակատարությունները` հոկտեմբերի 14-ը, նախատեսվում է տեղադրել 9-12 արձան, «սակայն մենք չենք պատրաստվում հրապարակել, թե ում արձաններն են լինելու դրանք: Այս նախագիծը քաղաքապետարանի անակնկալն է երևանցիներին, և արձանների տեղադրման օրվա ու վայրի մասին նախօրոք չի հայտարարվելու»,- նշել էր նա: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավի և մի քանի այլ նյութերի «ամուր» խառնուրդից:

Սեպտեմբերի 20-ին Շառլ Ազնավուրի հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, նստարաններին տեղադրվեցին նախագծի առաջին՝ Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանները: Մկրտչյանը «01-99» ֆիլմի իր հայտնի տակառիկով էր: Երևանցիներն իսկապես ուրախացան. վերջապես հայ մեծերի կողքին կարելի է նստել, գոնե այդ կերպ զգալ նրանց ներկայությունը մեր կյանքում: Բայց արի ու տես, որ այդ ուրախությունը երկար չտևեց. տեղադրվելուց երկու օր անց՝ սեպտեմբերի 22-ին, անհայտները կոտրեցին Մհեր Մկրտչյանի արձանի աջ ձեռքի բութ մատը, որը նույն օրը վերականգնեցին, իսկ քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանն այս առնչությամբ հույս հայտնեց, թե դա «անփութության» հետևանք է եղել: «Ի տարբերություն քաղաքում տեղադրված մի շարք մոնումենտալ արձանների, մեծերի այս բոլոր արձանները, որոնք տեղադրվում են և դեռ կտեղադրվեն, մարդկանց հետ շփման համար են նախատեսված: Հետևաբար կարող են նման դեպքեր տեղի ունենալ», - նշեց Սուքիասյանը: Նրա խոսքով, եթե ապագայում ևս նման դեպքեր պատահեն, քաղաքապետարանը շուտափույթ կվերականգնի արձանները: Սուքիասյանը հավելեց նաև, որ քաղաքապետարանը չի պատրաստվում փոխել արձանների նյութը: «Մատերիալը բրոնզ չէ, կավ է, քանի որ բրոնզի կիրառումը շատ ավելի թանկ կլիներ: Ապագայում ևս չենք պատրաստվում դրան բրոնզ խառնել», - եզրափակեց Սուքիասյանը:

Մի շաբաթ էլ չանցավ, երբ անհայտ անձինք կոտրեցին Մկրտչյանի արձանի տակառիկը: Արձանը հանվեց նստարանից և վերադարձվեց միայն այն ժամանակ, երբ տեղադրվեցին հսկող տեսախցիկներ: Ստացվում է, որ քաղաքապետարանը պատրաստ է ամեն անգամ արձանի վնասվելու դեպքում այն վերականգնել, քան մեկ անգամ պատրաստել բրոնզից: Հարց է ծագում՝ արդյո՞ք այդ կերպ քաղաքապետարանն ավելի շատ է տնտեսում և արդյո՞ք արժեր նման նախագիծ ձեռնարկել, եթե դրա համար միջոցները պիտի տնտեսվեին:

Խոստացված 9-12 արձաններից ևս երեքը տեղադրվեցին հոկտեմբերի 7-ին: Մոսկովյան պուրակի հարևանությամբ՝ Իսահակյան փողոցի մայթի նստարանին տեղադրվեց բանաստեղծ Պարույր Սևակի արձանը: Իսկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ՝ Մաշտոցի պողոտային հարող այգում, տեղադրվեց գրող Հրանտ Մաթևոսյանի արձանը: Ավելի ուշ Մաշտոցի պողոտայի մայթին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ, նստարանի հետևում կանգնեցվեց շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանը: Նստարանին շախմատի տախտակ է դրված խաղաքարերով, և ցանկացողը կարող է նստել ու շախմատ խաղալ գրոսմայստերի հսկողության ներքո:

Սոցիալական ցանցերում կրկին թեժ քննարկումներ են ծավալվել արձանների՝ կերպարներին համապատասխանության և այլ մանրուքների շուրջ: Շատերն արդեն «դողում են» նոր արձանների վրա և բոլորին կոչ անում զգույշ վարվել արձանների հետ: Բայց, հավանաբար, էլ չեն «դողա»՝ կարդալով քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի գրառումն իր ֆեյսբուքյան էջում, որով նա «լուսավորում է» բոլոր մտահոգված քաղաքացիներին: Բաղդասարյանի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ուզում եմ նշել` ի գիտություն իսկապես մտահոգված մեր քաղաքացիների, որ «Մեր հանճարները մեր կողքին են» նախաձեռնության շրջանակում տեղադրված կավե քանդակները այսպես կոչված քաղաքային ինստալյացիաներ են, որոնք առաջին անգամ Երևանում չէ, որ օգտագործվում են: Ամբողջ աշխարհում գոյություն ունեն այսպիսի քանդակներ, որոնք պատրաստվում են ամենատարբեր նյութերից՝ թղթից, մոմից, գիպսից, կավից և այլն, և նպատակ ունեն որոշակի կոլորիտ հաղորդել քաղաքին, երբեմն նաև կրթել ու դաստիարակել, որոշակի միտք պրոպագանդել: Դրանք հիմնականում ժամանակավոր են և կազմում են քաղաքի արտաքին ձևավորման տարր: Ամբողջ աշխարհում դրանց չեն վերաբերվում որպես լուրջ, մշտական տեղադրված մոնումենտալ քանդակի...»:

Փաստորեն, մեր հայ մեծերի արձանները, ներողություն, ինստալյացիաները ժամանակավոր են գունավորելու մեր առօրյան, կավից են պատրաստված, որովհետև ժամանակավոր նախագծի համար բրոնզե արձաններ պատրաստելն անիմաստ «ճոխություն» կլիներ, իսկ դրանց կատարման վարպետության մասին խոսելն առնվազն անգրագիտություն է, չէ՞ որ «դրսերում» այդպիսի արձաններին լուրջ չեն վերաբերվում: Ափսոս, որ մեր հանճարները մեր կողքին կլինեն, բայց ժամանակավոր...

Անի Պապոյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---