Հայաստանի և Ուրուգվայի գործարարները քննարկել են համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները

Հայաստանի և Ուրուգվայի գործարարները քննարկել են համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները և խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության հետ:

Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ՀՀ վարչապետի և արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ քննարկված Հայաստան-Ուրուգվայ տնտեսական կապերի զարգացման կարևորությունն ու առևտրաարդյունաբերական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը՝ հանդիպմանը հրավիրվել են նաև գործարարներ:

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն ներկայացրել է Ուրուգվայի աշխարհագրական, պատմական, քաղաքական ու տնտեսական առանձնահատկությունները՝ նշելով, որ իր երկրի զարգացման առաջնահերթությունների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում քաղաքական, տնտեսական ու սոցիալական կայունությունը, աշխարհի համար բաց լինելու, ներդրումների համար բարենպաստ դաշտ ստեղծելու հետևողական քաղաքականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Ըստ Ուրուգվայի խորհրդարանի նախագահի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իր երկրի գրանցած հաջողությունների վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դատապարտել այն: Դա փաստում է նաև այն մասին, որ Ուրուգվայի համար մարդու իրավունքներն ավելի բարձր են դասվում, քան տնտեսական շահերը:

Հայաստանի և Ուրուգվայի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտներն ու ներդրումային հնարավոր ուղղությունները: Մասնավորապես քննարկվել են դեղագործության, ագրոարդյունաբերության, տուրիզմի, շինանյութերի արտադրության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ու գիտական ասպարեզում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները:

Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկել է գործարարների ավելի ընդլայնված կազմով հանդիպումներ կազմակերպել, քննարկել ներդրումային բոլոր հնարավորությունները և իրատեսական ու գործնական քայլեր ձեռնարկել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---