Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին

Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին

PanARMENIAN.Net - «Ռոբերտ Քոչարյանի անցած ճանապարհը, փորձը, կապերը, գիտելիքները, ինչպես նաև հանրապետության ապագայի մասին պատկերացում-տեսլականը հուշում են, որ նա դեռ անելիք ունի և դերակատարություն է ունենալու երկրի կյանքում: Անավարտ մնացած ծրագրերն են այդ պարտադրելու»,- այս մասին գրում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնական կայքը:

Ըստ կայքում տեղադրված վերլուծության՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիները մեր երկրի համար պատմական նշանակություն ունեցան:

«Քոչարյանական նախագահության տասնամյակի արդյունքներն ավելի շատ արդիական քաղաքական գործոններ են, քան պատմություն: Ինչպես հապա բնութագրել այդ արդյունքները, թե ոչ արդիական քաղաքական գործոն, եթե դրանք այսօր էլ դիտարկվում են որպես ձգտելիք նպատակ ու նախընտրական խոստում: Նախագահ Քոչարյանի գործունեության ցուցանիշներին հասնելն այսօր դարձել է ծրագրերի ու գործունեության բաղձալի գագաթնակետ: Ընդ որում, ցուցանիշ ասելով նկատի չունենք միայն տնտեսություն և տնտեսական առաջընթացի թվեր ու գործակիցներ, այլ նաև` իրավիճակ: Օրինակ` Ղարաբաղի խնդրի լուծման քաղաքական իրավիճակը: Որպեսզի շատ բան չասենք, միայն նշենք, որ այսօր միջնորդները հսկայական ջանքեր են գործադրում կողմերին գոնե բանակցային գորընթաց վերադարձնելու համար:

Երբ այսօր կոչ են անում ու հայտարարում, թե ամեն գնով պիտի պայքարել արտագաղթ կոչվող չարիքի դեմ, ոչ մեկը նկատի չունի, թե երկրից դուրս եկողների թիվը զրոյական է լինելու: Ամենազարգացած երկրներն էլ միգրացիոն պրոցեսները կարգավորելու խնդիրներ ունեն, և ոչ միայն ներգաղթի, այլ նաև` արտագաղթի: Պարզապես հեռացողների թիվը չի սպառնում այդ երկրի ժողովրդագրական վիճակին ու հետևաբար` երկրի անվտանգությանը: Ասել կուզի, թե մեր երկրի համար իդեալական կլիներ հասնել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների թվերին, երբ հեռացողների թիվը տարեկան մի քանի հազարի էր հազիվ հասնում: Իրավիճակ-ցուցանիշ ասելով հենց սրանք նկատի ունենք:

Օրեր անց կսկսվի նախագահի ընտրության քարոզչական շրջանը, և մի ավելորդ անգամ էլ կհամոզվենք, որ թեկնածուներն իրենց խոստումներով չեն գերազանցելու այն ցուցանիշները, ինչին մի անգամ արդեն հասել էր Ռոբերտ Քոչարյանը: Սա նշանակում է, որ նա եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման վերադառնալու է ակտիվ քաղաքականություն: Եվ ամենևին կարևոր չէ, որ մենք ենք այդպես ուզում, ու էլի շատ շատերը: Ավելի կարևոր է, որ իրողություններն են դա պատադրելու»,- ասված է վերլուծական հոդվածում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---