Տիգրան Սարգսյան. ԼՂ հակամարտությունն ուժով լուծել փորձող կողմի հանդեպ պատժամիջոցներ պիտի կիրառվեն

Տիգրան Սարգսյան. ԼՂ հակամարտությունն ուժով լուծել փորձող կողմի հանդեպ պատժամիջոցներ պիտի կիրառվեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությունում ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիին, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տիգրան Սարգսյանը խոսել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացքի և զարգացման հեռանկարների մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրի օրակարգային թիվ մեկ խնդիրը Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ Խորը և համափարակ ազատ առևտրի համաձայնգրի բանակցությունների հաջող ավարտն է: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի նպատակն է հաջողությամբ ընթացող բանակցություններն ավարտին հասցնել արդեն 2013 թվականի վերջին: «Մեր նպատակն է շարունակել և նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումներին, ինչը կամրապնդի և կզարգացնի մեր պետությունը»,- ասել է վարչապետ Սարգսյանը:

Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարները ողջունել են ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների ծրագիրը և նշել, որ ԵՄ-ն կշարունակի իր օժանդակությունը ցուցաբերել Հայաստանին՝ ավելին ավելիի դիմաց սկզբունքով:

Անդրադառնալով վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին՝ կողմերը գոհունակությամբ փաստել են, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև դեկտեմբերի 17-ին կստորագրվի մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականի հունվարի 1-ից ԵՄ անդամ-երկրների բոլոր քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՀՀ՝ առանց մուտքի արտոնագրի, ինչն ըստ վարչապետի, կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Խոսելով Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ եվրոպական երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են դրանց թափանցիկության ապահովումը և բարձր մակարդակով անցկացումը:

Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն կամք և նպատակ՝ անցկացնելու միջազգային նորմերին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ:

Կողմերը հանգամանալի կերպով քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նշելով, որ Հայաստանի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորումն է՝ վարչապետը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների և գնում դրանց վիժեցման ճանապարհով: Կառավարության ղեկավարը փաստել է, որ այդ երկրի իշխանությունները շարունակում են սպառազինման քաղաքականությունը և սեփական հանրությանը նախապատրաստում պատերազմի: «Այդ հարցում միջազգային հանրությունը պետք է հայտնի իր հստակ դիրքորոշումը և այն արտացոլի միջազգային որևէ փաստաթղթում: Դրանով պետք է ամրագրվի, որ ԼՂ հակամարտությունն ուժի կիրրառմամբ լուծելու քայլեր կատարող պետության հանդեպ կկիրառվեն միջազգային հստակ պատժամիջոցներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---