Արթուր Ջավադյան. 2013 թվական մուտք ենք գործում տնտեսական բարձր ակտիվությամբ

Արթուր Ջավադյան. 2013 թվական մուտք ենք գործում տնտեսական բարձր ակտիվությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթ է ունեցել Կենտրոնական բանկում 2012 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Մեծարգո նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ, 2012 թվականը դառնում է պատմություն, սակայն պատմություն չեն դառնում ձեռքբերումները, որոնք ունեցանք այդ տարում: Անցնող տարվա ձեռքբերումներից կարևորագույնը մակրոտնտեսական կայունության

ապահովումն էր, որն առաջիկա տարիների տնտեսական աճի համար ստեղծել և ստեղծելու է բարենպաստ միջավայր:

2013 թվական մուտք ենք գործում տնտեսական բարձր ակտիվությամբ, ցածր և կայուն գնաճային միջավայրով, և գալիք տարում մեր ջանքերը ուղղված են լինելու դրանց շարունակականության ապահովմանը: Չնայած 2012 թվականին համաշխարհային տնտեսությունում շարունակվեցին պարտքային ճգնաժամի անորոշությունները, այդուհանդերձ, Հայաստանի համար տարին հաջող էր թե՛ գների կայունության, և՛ թե ֆինանսական կայունության առումով:

Հաշվետու տարում արձանագրվել է 3.2% գնաճ. համատեղ ջանքերով մեզ հաջողվել է գնաճը կայունացնել նպատակի շուրջ՝ ուղղորդված քաղաքականության և հասարակության շրջանում գնաճային սպասումների խարսխման շնորհիվ:

Ներկայումս Կենտրոնական բանկն իր գործունեության թափանցիկությամբ և ձեռքբերված արդյունքներով նպաստում է իր նկատմամբ հասարակության վստահության աճին, ինչն առաջիկա տարիներին լինելու է մեր գլխավոր նպատակի իրագործման կարևորագույն գրավականը: Հպարտությամբ պետք է նշել, որ վերջին տասնամյակում գնաճի նպատակադրման ռազմավարությունընդունած զարգացող երկրների շարքում Հայաստանի կենտրոնական բանկի փորձը լավագույններից մեկն է գնահատվում: Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է գնաճի կառավարման մեր փորձը կիրառել որպես օրինակ՝ զարգացող երկրների համար: Մակրոմիջավայրի կայունացումն իր դրական ազդեցությունն է ունեցել նաև ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման վրա:

Հայաստանի ֆինանսական համակարգը՝ լինելով ոչ մեծ, բայց միաժամանակ դինամիկ զարգացող, բազմիցս ապացուցել է ցնցումներին դիմակայելու ունակությունը: Այսուհետ մենք ունենք կենսունակ և կայուն բանկային համակարգ: Սրանք ոչ միայն մեր գնահատականներն են, այլ նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի, ինչի վկայությունն են 2012 թվականին վերջիններիս կողմից իրականացված «Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի» առաքելության արդյունքները: Ըստ այդ գնահատականների՝ Հայաստանի բանկային համակարգը բավականին կայուն է և ունակ՝ դիմակայելու հնարավոր ցնցումներին, իսկ Կենտրոնական բանկում ներդրված է արդյունավետ վերահսկողական համակարգ և ճգնաժամերի կառավարման կենսունակ մեխանիզմ:

Կենտրոնական բանկը հետևողական է եղել նաև ենթակառուցվածքների և ծրագրերի կայացմանն ուղղված քաղաքականությանը: Այս առումով 2012 թվականին Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում են գտնվել կենսաթոշակային բարեփոխումները: Կենտրոնական բանկը ակտիվ բանակցություններ է վարում օտարերկրյա հեղինակավոր և փորձառու ակտիվների կառավարիչների հետ, որպեսզի վերջիններս ներգրավվեն պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման մեջ: Աշխատանքները շարունակվում են նաև կարգավորման դաշտի ձևավորման ուղղությամբ: Սոցիալական նշանակության ծրագրերի շարքում մշտապես մեր ուշադրության կենտրոնում են նաև մատչելի հիփոթեքային վարկավորման ծրագրերը, և այս տարի այդ ծրագրերում ընդգրկվող խմբացուցակը դարձյալ ընդլայնվել է՝ երիտասարդ բժիշկներով, մանկավարժներով, մարզիկներով: Ընդհանուր առմամբ, այս ծրագրերի շրջանակում վերաֆինանսավորվել է ավելի քան 4300 հիփոթեքային վարկ՝ ասել է թե 4300 ընտանիք:

Մեկնարկել է նաև Կառավարության հետ համատեղ իրականացված երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտովարկավորման ծրագիրը, որի շրջանակում արդեն տրամադրվել են առաջին սուբսիդավորված ցածր տոկոսադրույքներով ավտովարկերը: Շարունակվել է Կառավարության հետ համատեղ իրականացված գյուղատնտեսության ոլորտի մատչելի վարկավորման ծրագիրը, որի շրջանակում արդեն մոտ 38 հազար գյուղացիական տնտեսությունների տրամադրվել են սուբսիդավորված ցածր տոկոսադրույքներով գյուղվարկեր:

Խորացվել է մեր կողմից մշտապես կարևորվող համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ՝ մատչելի ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու և տարբեր ոլորտներ վարկավորելու ուղղությամբ: Գերմանական KFW բանկի հետ կնքվել են գյուղատնտեսության և էներգետիկայի զարգացման վարկավորման նոր ծրագրեր: 2013 թվականին կներդրվի ԱՊՊԱ-ի բոնուս համակարգը՝ հետաձգելով բարձր տուգանքներ նախատեսող մալուս համակարգը, ինչը թույլ կտա կարգապահ վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր ավելի ցածր սակագներով: Հաշվետու տարին ուղենշային է նաև սպառողների շահերի պաշտպանության գծով:

Միջազգային կառույցների, այդ թվում նաև Համաշխարհային բանկի կողմից այս ոլորտում զարգացումները բարձր գնահատականի են արժանացել՝ Հայաստանը համարելով ուսանելի օրինակ այլ զարգացող երկրների համար: Ավելին՝ 2012 թվականին այս ոլորտը թևակոխել է զարգացման որակական նոր փուլ, ըստ որի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով ստեղծվել է համագործակցության պլատֆորմ, որտեղ որոշումները կայացվում են պետության, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Տարին հատկանշական է տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման բարձր տեմպերով՝ ինչը փաստում է համակարգի նկատմամբ վստահության աճը: Ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը տարեվերջին կկազմի Համախառն ներքին արդյունքի 65%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ 40%-ը, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 6-ական տոկոսային կետով: Մինչդեռ 2007 թվականի տարեվերջին այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 25% և 14%, ըստ որի վերջին 5 տարիների ընթացքում տնտեսությունում ֆինանսական համակարգի միջնորդությունը ավելացել է ավելի քան 2.5 անգամ: Սա լուրջ նվաճում է: Եվ ժամանակին հիմնախնդիր հանդիսացող ֆինանսական հատվածի միջնորդության ցածր մակարդակն այսօր արդեն բարելավվել է այնչափ, որ հիմնականում չի զիջում մեկ շնչի եկամտով մեզ մոտ կանգնած երկրներին. ավելին, այս ցուցանիշով արդեն գերազանցում ենք ԱՊՀ երկրների մեծամասնությանը:

Սրանք սոսկ թվեր չեն: Տնտեսության դիվերսիֆիկացիան և առանձին ճյուղերի զգալի աճերը սերտորեն կապված են այդ ճյուղերի վարկավորման աճերի հետ: Այսպես` օրինակ վերջին չորս տարիների ընթացքում բանկային համակարգը բավականին արագ ավելացնում է ադյունաբերության վարկերի ծավալները, ինչն անխոս այսօր լուրջ հիմքեր է ստեղծում նաև վաղվա տնտեսական աճի համար: Բիզնես վարկերի տոկոսադրույքները ներկայումս տատանվում են հիմնականում 10-ից 13 տոկոսի շրջանակում, իսկ առավել հեռանկարային բիզնեսների վարկավորման տոկոսադրույքները կազմում են անգամ 9 տոկոս: Այս տարի արձանագրվել է վարկերի ավելի քան 25% աճ, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության վարկավորման աճը չի գերազանցում 3%-ը: Նույնիսկ նման արագատեմպ աճի պայմաններում բանկային համակարգը կայուն է, և գործունեության ռիսկայնությունը բնութագրող ցուցանիշները գտնվել են ընդունելի մակարդակում:

Ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցները 2012 թվականը կամփոփեն դրական ֆինանսական արդյունքներով: Ամփոփելով կուզենայի նշել, որ Կենտրոնական բանկը բարձր պատասխանատվության զգացումով ու արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ է մուտք գործում 2013 թվական:

Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ: Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողության և ձեռքբերումների տարի»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---