ՄՄԿ-ն իրականացրել է Հայաստանի միգրացիոն օրենսդրության վերլուծություն

ՄՄԿ-ն իրականացրել է Հայաստանի միգրացիոն օրենսդրության վերլուծություն

PanARMENIAN.Net - Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) փորձագետները պատրաստել են «ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից ՀՀ միգրացիոն օրենսդրության և պրակտիկայի վերլուծությունը», որն ուսումնասիրում թե որքանով է միգրացիայի վերաբերյալ Հայաստանի օրենսդրությունը համապատասխանում ԵՄ օրենսդրությանը: Ուսումնասիրելով միգրացիայի հետ կապված օրենսդրական և ինստիտուցիոնալ պրակտիկաները, վերլուծությունը պարզել է, թե որքանով է Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ դաշտը համապատասխանում ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Շարժունակության համագործակցության համաձայնագրի, ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրման դյուրացման և ԵՄ-Հայաստան հետընդունման համաձայնագրի պահանջներին:

Վերլուծությունը իրականացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հովանու ներքո: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը բարձր է գնահատել օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ միգրացիայի կառավարման ոլորտում ներգրավված ազգային հաստատությունների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները:

ՄՄԿ-ի Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը գնահատել է միգրացիայի կառավարման և միգրացիայի միջազգային իրավունքի ոլորտում տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունը: «Այս վերլուծությունը ուղղված է և՛ իմիգրացիային, և՛ էմիգրացիային, ուսումնասիրվել է նաև դրանց առնչվող վարչական և դատական պրակտիկան»,- ասել է Տեր-Մինասյանը:

Վերլուծությունը բաղկացած է 17 գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը ուսումնասիրում է միգրացիայի կամ ապաստանի հետ կապված բազմազան թեմաներ: Թեմաները ներառում են միգրացիայի ամբողջ ցիկլը սկսած մուտքից (ներառյալ ճանապարհորդական փաստաթղթեր, վիզաներ), կացություն (աշխատանք, ուսումնառություն, ընտանեկան միգրացիա) մինչև ելք, վերադարձ, հետընդունում (ռեադմիսիա) և արտաքսում: Անդրադարձ է կատարվում նաև անկանոն միգրացիային և մարդկանց թրաֆիքինգին, ինչպես նաև ինտեգրմանը, անհատական տվյալների պաշտպանությանը և հավաքագրմանը: Վերլուծությունը կատարվել է միգրանտների իրավունքների և խտրականության բացառման պրիզմայով: Յուրաքանչյուր բնագավառի համար ներկայացված է ԵՄ իրավական դաշտը, այնուհետև Հայաստանի համապատասխան իրավական դաշտը: Բացթողումների վերլուծությունը կատարվել է երկու մակարդակով` Հայաստանի օրենդրության և դրա գործնականում կիրառության հարցում նախանշված բացթողումները և Հայաստանի օրենսդրության և ԵՄ Կանոնագրքի միջև նախանշված բացթղումենրը: 150 հստակ առաջարկություններ են արվել բացթողումների լրացման համար: Այս ուսումնասիրությունը տեխնիկական աջակցություն է 2012-2016 ՀՀ-ում Միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի գործողությունների ծրագրի» համար:

Այսօր այս վերլուծության հիմնական հանձնարարականները քննարկվլ են ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ «ԵՄ–ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից ՀՀ միգրացիոն օրենսդրության և պրակտիկայի վերլուծությունը» կծառայի որպես «ճանապարհային քարտեզ» ազգային կանոնակարգերն ու ընթացակարգերն եվրոպական չափանիշներին ներդաշնակեցման գործում:

Ուսումնասիրությունը կատարվել է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի և Միգրացիայի միջազգային կազմակերպության զարգացման հիմնադրամի կողմից և իրականացվում է ՄՄԿ-ի և ՄԶՄԿ-ի կողմից: Ծրագրի նպատակներից մեկն էր ԵՄ Կանոնագրքին միգրացիայի կառավարման վերաբերյալ օրենսդրության հնարավոր մոտարկման մասով իրազեկվածության բարձրացումը: «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի ընդհանուր բյուջեն 2450000 եվրո է, որից 1950000-ը տրամադրել է ԵՄ-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---