Արտաշատում և Իջևանում շահագործման են հանձնվել ելակի բազմաբերք սորտերի աճեցման 2 ջերմատներ

Արտաշատում և Իջևանում շահագործման են հանձնվել ելակի բազմաբերք սորտերի աճեցման 2  ջերմատներ

PanARMENIAN.Net - Հայկական բերքի առաջմղման կենտրոնի նախաձեռնած Հայաստանում ջերմատների զարգացման ծրագրի շրջանակում Արտաշատում և Իջևանում շահագործման են հանձնվել ելակի բազմաբերք սորտերի աճեցման երկու ջերմատներ:

1500 քմ ընդհանուր տարածքով այս ջերմատներում մշակվում են ելակի մշակության եվրոպական առաջատար երկրներից ներմուծված ելակի բազմաբերք 6 սորտեր: Այս սորտերն ունեն ապրանքային լավ տեսք ու համային բարձր հատկանիշներ և ի տարբերություն Հայաստանում մշակվող ավանդական միաբերք սորտերի, ապահովում են շարունակական բարձր բերքատվություն տարվա բոլոր եղանակներին:

Այս ջերմատներում մշակությունն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ` հիդրոպոնիկ եղանակով, կոկոսի մանրաթելից պատրաստված էկոլոգիապես մաքուր սուբստրատում:

Ծրագրի մշակման և իրականացման գործընթացը կազմակերպվել է տեղական և կենտրոնի կողմից հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ ու խորհրդատվությամբ: Ըստ նրանց` Հայաստանում առկա են բարենպաստ պայմաններ բարձրարժեք հատապտուղների, այդ թվում` ելակի ջերմատնային արտադրության զարգացման և ընդլայնման համար:

Ելակի նոր սորտերի արտադրությունը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ առաջին քայլն է ոչ սեզոնային ժամանակահատվածում (ուշ աշուն, ձմեռ, վաղ գարուն) Հայաստանում ելակի արտադրության կազմակերպման ուղղությամբ: Այն նաև լավ հնարավորություն է փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ու անհատ գյուղացիների համար` իրենց ջերմատնային բիզնեսը սկսելու և ընդլայնելո ւուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---