Ս.Սաֆարյան. Քաղաքապետին մնում է ստեղծել շամանի պաշտոն, ով իր թուղթուգրերով կկանխի անձրևները

Ս.Սաֆարյան. Քաղաքապետին մնում է ստեղծել շամանի պաշտոն, ով իր թուղթուգրերով կկանխի անձրևները

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Բարև, Երևանի» անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս Երևանում հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղին:

«Քանի որ Երևանի փողոցներում ջրհեղեղի պատճառը ոչ թե անբավարար ջրահեռացման համակարգն է, այլ անձրևի չափից դուրս հորդառատությունը, Երևանի քաղաքապետին մի բան է մնում` քաղաքապետարանում ստեղծել Երևան քաղաքի գլխավոր շամանի պաշտոն, մրցույթ հայտարարել այդ պաշտոնի համար և սեփական կուսակցությունից ընտրել արհեստավարժ մեկին, ով իր անեծքներով, թուղթուգրերով ու աղոթքներով կկանխի հորդառատ անձրևները: Միանգամայն արժե թեկնածուների շարքում դիտարկել ՀՀԿ-ին ծառայած ու ծառայող հայտնի աճպարարներին ևս` մուկուչյաններ, ադիբեկյաններ ու այլք: Փորձի փոխանակման համար գիտա-մասնագիտա-մշակութային տուրիզմը դեպի ացտեկների երկիր կամ Աֆրիկա նույնպես հնարավոր է. քաղաքապետի միլիոնանոց վոյաժների շարքում մի քանի միլիոն դոլար այս կողմ այն կողմ բան չի փոխի:

Իսկ ավելի լուրջ` գեղից մարդ չկա, տղերք, և չհամարձակվեք հիմարի տեղ դնել մեզ` նման անամոթ բացատրություններով. կամ ձեր գործառույթը կատարեք, կամ ազատեք Երևանը ձեր ներկայությունից: Դուք մոռանում եք, որ հազարամյակների փորձություն տեսած ժողովուրդն ու մայրաքաղաքի չափազանց ինտելեկտուալ բնակչությունը խոտակեր-քյաբաբակեր-շատակեր ուռու գլուխ չէ... Նախադասություն արտաբերելիս մի հատ ձեր կրթական ցենզին նայեք, մի հատ էլ դիմացինների: Այդ դեպքում նման բլթոցներ քիչ կլինեն»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Երևանում առատ անձրև էր տեղացել, ինչի հետևանքով քաղաքի մի շարք փողոցներում հեղեղ էր: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ տեղացած անձրևի հետևանքով ստեղծված իրավիճակը քաղաքապետարանի մեղքով չի եղել. «Մայրաքաղաքի ջրահեռացման համակարգը նորմալ գործում է: Խնդիրն այն է, որ Երևանում տեղացել է 1 ամսվա նորմայի չափով անձրև և բնական է, որ այդ առատության տեղումները կարող էին խնդիրներ առաջացնել»: Արթուր Գևորգյանը նշել էր, որ ոչ միայն Երևանի, այլև ամերիկյան, եվրոպական մայրաքաղաքների ջրահեռացման համակարգերը չէին կարող դիմանալ տեղումների նման քանակին: «Եվ դեռ ի տարբերություն այդ քաղաքների, որտեղ նման դեպքերում նույնիսկ արտակարգ իրավիճակ է հայտարարվում, մեզ մոտ բանը դրան չհասավ, որովհետև բոլոր կառույցները կազմ-պատրաստ են եղել, ձեռնարկել են բոլոր անհրաժշետ միջոցները», - ասել էր նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---