Դ.Դումանյան. 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել և մնալու է պետպատվերով

Դ.Դումանյան. 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել և մնալու է պետպատվերով

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ Երևանի մանկական հիվանդանոցների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է մինչև 7 տարեկան երեխաների բժշկական սպասարկման հարցը։ Նախարարը նշել է, որ այդ առնչությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին օրերին տեղ գտած հրապարակումները խիստ մտահոգիչ են։«Անընդունելի է, որ փորձ է արվում ստվերել մինչև այժմ շատ լավ գործող ծրագիրը։ 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել և մնալու է պետպատվերի շրջանակներում։ Հասկանալի է, որ ձմռանն արձանագրված գրիպի բռնկման պատճառով մեր շատ բուժհաստատություններ նախատեսվածից ավելի ծառայություններ են իրականացրել։ Հասկանալի է նաև, որ երեխայի պետական հավաստագրի ներդրման, նոր ծառայությունների կազմակերպման ու բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ մեծանում է դիմելիությունը, միաժամանակ բարձրանում ծառայությունների ինքնարժեքը։ Սակայն ոչինչ չպետք է խանգարի երեխաների անվճար բուժմանը։ Ահազանգերի դեպքում շատ խիստ մոտեցում է ցուցաբերվելու»,-ասել է Դերենիկ Դումանյանը։

Նա հետաքրքրվել է բոլոր բուժհիմնարկներում առկա վիճակով ու խնդիրներով և դրանց լուծման նպատակով նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ տվել։ Մասնավորապես, ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությանը հանձնարարվել է ուսումնասիրել ֆինանսական հատկացումներն` ըստ ծառայությունների, և անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ կատարել։ Մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել մանկական ակնաբուժական ծառայության վիճակը` բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների ցանկը, դրանց հզորությունները, սարքավորումներով և մասնագետներով հագեցվածությունը և այլն։ Միաժամանակ, հանձնարարվել է քննարկումներ կազմակերպել ստացիոնար և պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների հետ` ծանրաբեռնվածությունները ճիշտ բաշխելու և միմյանց հետ համագործակցելու նպատակով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---