Գլխավոր դատախազը` ԿԸՀ նախագահին. Վերացրեք թերությունները

Գլխավոր դատախազը` ԿԸՀ նախագահին. Վերացրեք թերությունները

PanARMENIAN.Net - Արդարադատության պետական խորհրդական, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագրով դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

«2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններում հարուցվել է ինը քրեական գործ։

Անձի ընտրական իրավունքի դեմ ուղղված և քրեական գործ հարուցելու հիմք հանդիսացած բոլոր արարքները բացառապես պարունակել են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկելու փորձի, և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից նշված հանցագործություններին հանցակցելու հատկանիշներ։

Վերը նշված դեպքերում քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել այն, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ընտրողների ցուցակը ստուգվել և լրացվել է անփութորեն, որի հետևանքով տվյալ ընտրական տեղամասում արդեն իսկ քվեարկած լինելու, կամ այդ տեղամասում ընտրելու իրավունք չունենալու, կամ անձի անհատական տվյալներն ընտրական ցուցակում այլ անձի անվան և ազգանվան դիմաց լրացված լինելու պայմաններում հանցավորը ոչ միայն հանձնաժողովի անդամի կողմից գրանցվել է ընտրողների ցուցակում, այլ նաև ստացել է քվեաթերթիկ փորձելով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցել», - նշել է գլխավոր դատախազը և օրինակներ, ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ, 65-րդ, 66-րդ հոդվածները մեջբերելով նշել, որ հանձնաժողովի անդամները չեն պահպանել ՀՀ ընտրական այդ պահանջները:

«Քրեական գործերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվերակել հնարավոր է միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի հանցակցությամբ, կամ առնվազն պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով: Ավելին, պարզվել է, որ հանձնաժողովը պատշաճ չի արձանագրել ընտրախախտումը. ժամանակին նկատել և կանխել, սակայն օրենքով նախատեսված միջոցներ չեն ձեռնարկվել. պատշաճ արձանագրություն չի կազմվել, նույնիսկ իրավախախտողի անձը չի պարզվել, խախտման մասին ոստիկանության աշխատակիցները չեն տեղեկացվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին է, որը կազմակերպում և անցկացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը:

Այս կապակցությամբ, օրենսդրության պահանջներին լիարժեք տիրապետելու, քվեարկության ընթացքում հանդիպող տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի ունակությունների կատարելագործումը, որպես ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման և անցկացման կարևոր երաշխիք, կազմակերպվող գործնական դասընթացների, որակավորման քննությունների ընթացքում պետք է լինի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

Անհրաժեշտ է դասընթացների ընթացքում վեր հանել ի հայտ եկած խնդիրները, դրանց օրենսդրական կարգավորման հարցերը, նպատակահարմարության դեպքում դասընթացներին ներգրավել նաև իրավաբանների` ընտրական իրավունքի խախտման քրեաիրավական իրազեկվածությունը ապահովելու համար:

Վերոգրյալի հիման վրա, նկատի ունենալով հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու` դատախազի պարտականությունը և այդպիսի հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200 հոդվածով`միջնորդում եմ ձեռնարկել միջոցներ` վերացնելու վերը նշված թերությունները, որոնք թվարկված հանցագործությունների կատարման համար նախապայման են հանդիսացել` այդպիսիք հետագայում կանխելու համար 7 միջնորդագրի քննարկման արդյունքների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հաղորդել ՀՀ գլխավոր դատախազությանը», -նշել է Աղվան Հովսեփյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---