Բուհ-աշխատաշուկա․ Միջազգային և տեղական փորձը

Բուհ-աշխատաշուկա․ Միջազգային և տեղական փորձը

PanARMENIAN.Net - Միջազգային համագործակցության վարչության ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ Եվրամիության «TEMPUS» ծրագրի շրջանակներում աշխատանքային հանդիպում է անցկացվել՝ հայաստանյան մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներ և «Cap4Com» ծրագրում ներգրավված ԵՊՀ աշխատակիցները մասնակցությամբ։ Վերջիններս ներկայացրել են այն հեռանկարները, որոնք կարող են լինել բուհի և ձեռնարկությունների համագործակցության արդյունքում:

«Համագործակցության ոլորտները տարբեր են, քանի որ համալսարանը տարբեր բնագավառների հետ առնչվող ֆակուլտետներ ունի: Ամենաակտիվները բանկային, ֆինանսական, ապահովագրության, դեղագործության, կապի, սերվիսի ու տուրիզմի ոլորտներն են»,- ասել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

«Համալսարան-ձեռնարկություն համագործակցություն. լավագույն փորձից դեպի ռազմավարություն» խորագրով հանդիպմանը մասնակցել են նաև եվրոպական առաջատար համալսարանների փորձագետներ, ովքեր ներկայացրել են այդ բնագավառում իրենց փորձը ու ծանոթացել տեղականին:

«Համալսարանի առջև դրված է 3 խնդիր` կրթություն տալ, ստեղծել և փոխանցել գիտելիքներ և ծառայել հասարակությանը: Ուսուցանող համալսարանից պետք է անցում կատարել դեպի հետազոտական համալսարանը, երբ գիտական նորարարությունը օգտագործվում է արտադրության մեջ` ապահովելով բուհ-հասարակություն կապը: Այդ առումով Եվրոպայում ամենանորարարը Շվեդիան է»,- ասել է Գենտի համալսարանի ներկայացուցիչ, պրոֆեսոր Քրիս վան Կիրը:

Հանդիպման ընթացքում ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ներկայացրել է ԵՊՀ գիտխորհրդին կից նորաստեղծ Ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող մշտական հանձնաժողովի աշխատանքը. «Հանձնաժողովում ընդգրկված են պրոռեկտորներ, դեկաններ, մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, իսկ նախագահը ռեկտոր Արամ Սիմոնյանն է: Մի քանի օր առաջ հանձնաժողովն ընդունել է իր աշխատակարգն ու այս տարվա գործունեության ծրագիրը: Առաջիկայում այդ բոլոր փաստաթղթերը կներկայացվեն գիտխորհրդի հաստատմանը»:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի խոսքով, հասկանալի է` շուկայի պահանջները կարող են լինել տարբեր, բուհը սովորաբար լինում է ավելի պահպանողական կառույց, սակայն բուհը փոփոխվում է` շրջանավարտների ունակությունները փորձելով համապատասխանեցնել շուկայի այն պահանջներին, որոնք այսօր կան. «Դրա հետ մեկտեղ շուկան և ձեռնարկատերերը գիտակցում են, որ համագործակցելով համալսարանների հետ` կարող են ավելի արագ և կայուն զարգացում ապահովել իրենց համար»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---