Հունգարիայի ՍԴ նախագահ. Սաֆարովը պետք է բանտարկությունը շարունակեր Ադրբեջանում, ոչ թե հերոսացվեր

Հունգարիայի ՍԴ նախագահ. Սաֆարովը պետք է բանտարկությունը շարունակեր Ադրբեջանում, ոչ թե հերոսացվեր

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով Հունգարիայի դատարանի որոշումը խիստ չի եղել, ասում է Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետր Պաչոլայը: Այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի ներկայացնում Հունգարիայի իշխանություններին և տեղյակ չէ վճռի նախապատմությանը:

Անդրադառնալով Հունգարիայի դատարանի` Ռամիլ Սաֆարովին ցմահ դատապարտելու որոշմանը, դատավորն ասաց. «Ոչ միայն իշխանությունները, այլև զարմանալիորեն դեսպանները հունգարական դատարանի վճիռը չափազանց խիստ համարեցին: Դա ինձ անորոշության մեջ է գցում, ես չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ այդ կապակցությամբ, բայց նա գիշերով սպանել է իր գործընկերոջը, հետևաբար, իմ կարծիքով, հունգարական դատարանի որոշումն անեևին խիստ չէր: Խնդիրն այստեղ այն է, որ վեց կամ յոթ տարվա բանտարկությունից հետո Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որ նա իր բանտարկությունը շարունակի Ադրբեջանում և ոչ թե ազատ արձակվի և հերոս ճանաչվի»:

Հունգարիայի ՍԴ նախագահը նաև հավելեց. «Որքան ես գիտեմ, դա միանգամայն անկակնկալ էր Հունգարիայի իշխանությունների համար: Իմ և Հունգարիայի անունից ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից այս գործի հետևանքով առաջացած խնդրի համար»: Հարցին` համաձա՞յն եք, որ Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարք է եղել, Պետր Պաչոլայը պատասխանեց. «Ոչ, ես չգիտեմ, ես երբեք նման չեմ լսել»:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---