Տագնապալի ազդանշան. ԱՄՆ դիվանագետները սկսել են հեռանալ Թուրքիայից ու Լիբանանից

Տագնապալի ազդանշան. ԱՄՆ դիվանագետները սկսել են հեռանալ Թուրքիայից ու Լիբանանից

PanARMENIAN.Net - Անվտանգությանը սպառնալիքի պատճառով ԱՄՆ պետքարտուղարությունը մասնակիորեն ետ է կանչում իր դիվանագետներին թուրքական Ադանայից, որը գտնվում է երկրի հարավում, Սիրիայի սահմանից ոչ հեռուս, հայտնում է Reuters-ը:

Ամերիկացի դիվանագետների մեծ մասն ու նրանց ընտանիքները հեռանում են նաև Լիբանանից անվտանգությանը սպառնալիքի պատճառով:

«Սեպտեմբերի 6-ին Պետքարտուղարությունը ետ է կանչում Բեյրութում ԱՄՆ դեսպանատն շարքային աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին անվտանգությանը սպառնալիքի պատճառով: Պետքարտուղարությունը նաև կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Լիբանան այցելություններից»,-ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է այսօր ամերիկյան Պետքարտուղարության կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստին«»:

Լիբանանում ԱՄՆ դեսպանատանը նշել են, որ ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք այս պահին գտնվում են Լիբանանի տարածքում և չեն ցանկանում հեռանալ երկրից, պետք է գիտակցեն և մանրամասն ծանր ու թեթև անեն նման որոշման ռիսկերը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից թույլտվություն է խնդրել Սիրիայում ռազմական գործողության համար: ԵՄ երկրներից միայն Ֆրանսիան, Դանիան, Խորվաթիան, Ռումինիան, Հունաստանը, Լատվիան ու Կիպրոսն են թույլատրելի համարում ռազմական գործողությունն առանց ՄԱԿ ԱԽ արտոնության, սակայն ԵՄ-ն դեռ միասնական դիրքորոշում չի մշակել:

Դեռևս միայն 21 սենատոր է հայտարարել որ վստահորեն, կամ հավանաբար, կաջակցի բանաձևին: Եվս 13-ն ասել են, որ դեմ են քվեարկելու Օբամայի ծրագրին, մնացած 66 սենատորների որոշումը դեռ հայտնի չէ: Քվեարկությունը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերի 11-ին:

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ ԱՄՆ իշխանությունները տեղեկություն են ստացել, որ Իրանը մտադիր է հարձակումներ կազմակերպել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա Սիրիային հարված հասցնելու դեպքում: Դեսպանատները կգրոհեն իրաքցիների զինյալ խմբավորումները, որոնք սատարում են Իրանին: Նրանք համապատասխան հրաման են ստացել, ինչպես նշում է պարբերականը, էլիտար իրանական զորքերի՝ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի, ղեկավարությունից:

Ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների, դեսպանատների դեմ հարձակման են պատրաստավում նաև «Հեզբոլլահում»: Լիբանանցի գրոհայինների նպատակը կարող է լինել ԱՄՆ ներկայացուցչությունը Բեյրութում, գրում է Lenta.ru-ն:

Ըստ թերթի, ԱՄՆ իշխանությունները արդեն պատրաստվել են դիվանագետների հնարավոր տարհանմանը: Այդ նպատակով ԱՄՆ-ն կօգտագործի իր նավերը, որոնք տեղակայված են Միջերկրական ու Կարմիր ծովերում:

Իրանն արդեն առաջին անգամը չէ, որ սպառնում է Սիրիային, գրում է The Wall Street Journal-ը: Մասնավորապես, Թեհրանը խոստացել է «ոչնչացնել» Իսրայելը Բաշար Ասադի ռեժիմի դեմ ամերիկյան գործողության դեպքում: Ամերիկացիները նաև վախենում են ամերիկաբնակ սիրիացիների հնարավոր վրեժխնդրությունից: Ըստ ԶԼՄ-ների, ՀԴԲ-ն ուժեղացրել է նրանց հսկողությունը:

Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել:

Ավելի վաղ Ֆրասիայում, որի կառավարությունը կողմ է Ասադի ուժերին ռազմական հարված հասցնելուն, արտահերթ լսումներ կայացան Ազգային ժողովում, թեև քվեարկություն չի անկացվել, քանի որ ֆրանսիական օրենքների համաձայն նախագահը կարող է մոբիլիզացիայի մասին հրաման տալ առանց խորհրդարանի հավանության:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում:

Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ:

Մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, համամիտ չեն, որ Ասադը քիմիական զենք է օգտագործել: Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինն ասել է, որ Ասադի հասցեին հնչող մեղադրանքերը «աներևակայելի հիմարություն են»:

ԱՄՆ ՊՆ ղեկավար Չակ Հեյգելը գտնում է, որ Սիրիայում ռազմական գործողությունը միլիոնավոր դոլարներ կպահանջի:

Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆայսալ Մեկդադը հայտարարել է, որ Դամասկոսը մոբիլիզացնում է իր դաշնակիցներին, որոնք «տարբեր տեսակի օգնություն են առաջարկում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---