Օբամա. ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայում քաղաքացիական պատերազմին

Օբամա. ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայում քաղաքացիական պատերազմին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռուստատեսությամբ ամերիկացիներին դիմելիս հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայում քաղաքացիական պատերազմին. «Դեմ էի ռազմականա գործողություններին, որովհետև մենք չենք կարող ուժի միջոցով լուծել այլ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմը»,- հայտարարել է Օբաման: Միևնույն ժամանակ նաև նշել է, որ ԱՄՆ շահերից է բխում Սիրիային հարվածելը. այն կկանխի երկրում քիմիական զենքի կիրառումը. «Մենք պետք է կանխենք քիմիական զենքի հետագա կիրառումն ու տարածումը»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Օբամայի խոսքով՝ Նահանգները պետք է ազդանշան ուղարկեն, որ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը չեն հանդուրժի. «Դա իմ գնահատականն է որպես ղեկավարի»,- նշել է նախագահը՝ հաստատելով, որ Վաշինգտոնը չի կասկածում օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններում քիմիական գրոհում սիրիացի ղեկավարների մասնակցության մեջ:

«Սիրիայի տարածք զորքեր չեմ ուղարկի, դեռևս անհայտ ժամկետով, բայց ռազմական գործողություններ չեմ կազմակերպի, ինչպես Իրաքում ու Աֆղանստանում, ինչպես նաև երկարատև օդային հարվածներ չեմ սկսի, ինչպես Լիբիայի ու Կոսովոյի դեպքում էր»,- ասել է Օբաման:

Միացյալ նահանգների առաջնորդը նաև նշել է, որ «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է Սիրիայում քաոսի դեպքում ամրապնդել իր դիրքերը:

«Եթե մենք չգործենք, «Ալ Քայիդան» կարող է ամրապնդվել այնտեղ»,- ասել է Օբաման: ԱՄՆ նախագահը նաև դիմել է Կոնգրեսին՝ կոչ անելով հետաձգել Սիրիայի հարցով քվեարկությունը, հաշվի առնելով քիմիական զենքը միջազգային հսկողությանը փոխանցելու մասին Ռուսաստանի առաջարկությունը:

Օբաման խոստովանել է, որ մտափոխվել է հենց ռուսական այդ առաջարկության շնորհիվ:

«Խնդրեցի Կոնգրեսի առաջնորդներին հետաձգել ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ քվեարկությունը, քանի դեռ մենք գնում ենք այս դիվանագիտական ուղիով: Հինգշաբթի կուղարկեմ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին իր ռուս կոլեգաների հետ հանդիպման, իսկ ինքս կշարունակեմ բանակցել նախագահ Պուտինի հետ»,- նշել է Օբաման:

Նրա խոսքով՝ ռուսական առաջարկները «հուսադրող են»:

«Մասամբ ռազմական գործողություններ սկսելու ԱՄՆ սպառնալիքների, ինչպես նաև հետագա կոնստրուկտիվ բանակցությունների շնորհիվ, որոնք ես ունեցա նախագահ Պուտինի հետ, ռուսական կառավարությունը միջազգային հանրությանը միանալու ցանկություն արտահայտեց՝ ստիպելու Ասադին հանձնել քիմիական զենքը»,- նշել է նա՝ հավելելով, որ Ասադի ռեժիմն արդեն ընդունել է իր մոտ այդ զենքի առկայությունն ու անգամ համաձայնվել միանալ քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիային:

ԱՄՆ նախագահը նաև նկատել է, որ համոզված չէ ռուսական նախաձեռնության հաջողության մեջ. «Վաղ է նշել՝ արդյոք այս առաջարկությունը հաջողությամբ կավարտվի, թե՝ ոչ. ամեն տեսակի համաձայնություն պետք է հաստատի, որ Ասադը կկատարի պարտականությունները: Բայց նախաձեռնությունը խնդիրն առանց ուժային միջամտության լուծելու ներուժ ունի, հատկապես, որովհետև Ռուսաստանն Ասադի ամենամոտ դաշնակիցներից է»,- ասել է Օբաման: Ռուսական ղեկավարությունը հայտնել էր, որ Սիրիայի ներսում ընթացող կոնֆլիկտի կողմերից ոչ մեկին չեն աջակցում ու փորձում են խնդրին խաղաղ լուծում տալ, հայտնում է RIA Novotsi-ն:

Ռուսաստանը Սիրիային առաջարկել էր քիմիական զենքը միջազգային հանրության հսկողության տակ փոխանցել: Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ու երկրի վարչապետը համաձայնվել էին ռուսական այդ նախաձեռնության հետ: Քիմիական զենքի սիրիական արսենալը ամենախոշորներից է Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի ընթացքում ավելի քան 1400 մարդ էր զոհվել: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Սիրիայում արդեն 2 տարի քաղաքացիական պատերազմ է: Այս ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղափոխված անձինք են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---