Ըստ ԱՄՆ և Իսրայելի հետախույզների, Սիրիայի իշխանությունները փոխում են քիմիական զենքի պահեստավորման վայրերը

Ըստ ԱՄՆ և Իսրայելի հետախույզների, Սիրիայի իշխանությունները փոխում են քիմիական զենքի պահեստավորման վայրերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Իսրայելի հետախուզական ծառայությունները գրանցել են Սիրիայում քիմիական զինամթերքի ու թունավոր նյութերի տեղաշարժը մի քանի խոշոր պահեստարաններից մի քանի տասնյակ փոքր պահեստարաններ: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, իրազեկ աղբյուրների վրա հղումով, այժմ նման պահեստների քանակը հասնում է մոտ 50-ի: Ըստ այդ տվյալների, սիրիական Ստորաբաժանում-450-ը, որը պատասխանատու է քիմիական զենքի համար, սկսել է ապակենտրոնացնել թունավոր նյութերի պաշարները մի քանի շաբաթ առաջ, երբ ԱՄՆ-ն սկսեց պատրաստվել հարվածներին, որոնց նշանակետը կառավարական օբյեկտներն են: Վաշինգտոնում ծրագրված գործողության գլխավոր խնդիրը «քիմիական զենք կիրառելու սիրիական բանակի հնարավորությունների նվազեցումն է»:

Հետախույզները գտնում են, որ գիտեն քիմիական զենքի պահպանման վայրերի մեծ մասը, սակայն, նրանց կարծիքով, ապակենտրոնացման արդյունքում դիտարկման դաշտից դուրս են մնացել թույներն ու դրանց տեղափոխման միջոցները: Ըստ ԱՄՆ իշխանությունների տեղեկատվության, Դամասկոսն ունի մարտական թունավոր նյութերի առնվազն հազարավոր տոննաներ, հայտնում է Lenta.ru-ն:

Սիրիական քիմիական զենքի ու տեղափոխման միջոցներին հետևելու համար ԱՄՆ-ն օգտագործում է արբանյակները: Սակայն, տիեզերքից արված լուսանկարներից միշտ չէ, որ հասկացվում է, թե հատկապես ինչ է գտնվում Ստորաբաժանում-450-ի բեռնատարներում, որոնք տեղաշարժվում են ամբողջ երկրով մեկ: Այդ պատճառով ամերիկացիները խոստովանում են, որ ավելի քիչ գիտեն քիմիական զենքի մասին, քան մի քանի ամիս առաջ, երբ ամբողջ քանակը պահվում էր երկու խոշոր պահեստներում Սիրիայի արևմուտքում:

Ստորաբաժանում-450-ը ամենագաղտնիներից մեկն է համարվում Սիրիայում: Այն ենթարկվում է անմիջապես երկրի ղեկավարությանը, իսկ բոլոր ծառայողները ալևիներ են՝ Բաշար Ասադի հավատակիցները:

Սիրիան դառնում է քիմիական զենքի արգելման կոնվենցիայի լիիրավ անդամ, հինգշաբթի օրը հայտարարել է այդ երկրի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նա հաստատել է, որ երկրի ղեկավարությունը համապատասխան նամակներ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: «Իրավաբանական տեսակետից, այսօրվանից ի վեր, Սիրիան դառնում է կոնվենցիայի լիիրավ անդամ»,- մեջբերում է RIA-Novosti-ն: Նամակի տեքստում, մասնավորապես, ասվում է, որ Սիրիան համաձայն է պահպանել կոնվենցիայի դրույթները, մինչ այն կսկսի գործել այդ երկրի դեպքում:

Ինչպես պարզաբանել է Ջաֆարին, կոնվենցիային միանալու ժամկետը կքննարկվի Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ:

Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել էր, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից և համաձայնագիր ստորագրել այն արգելելու մասին: Նա նշել էր, որ այդ որոշումը կայացվել է ոչ թե ԱՄՆ ճնշման կամ սպառնալիքների հետևանքով, այլ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով:

Շաբաթվա սկզբում Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: Մինչ այդ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան ռուսական առաջարկն անընդունելի քաղաքական քայլ էր համարել: Ավելի ուշ մեկ այլ ընդդիմադիր կազմակերպության՝ Սիրիայի Ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Հեյսամ Մանաան հայտարարել էր, որ ընդդիմությունն առաջարկել է Ռուսաստանի հսկողությանը հանձնել Սիրիայի քիմիական զենքը մինչ անցումային կառավարության ձևավորումը: Մինչդեռ սիրիական ընդդիմության զինված թևը՝ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ), մերժել էր քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը, հայտարարել էր ՍԱԲ զինված կազմավորումների հրամանատար Սելիմ Իդրիսը:

Ռուսաստանը նաև ՄԱԿ ԱԽ էր փոխանցել սիրիական գրոհայինների կողմից քիմիական զենք օգտագործելու ապացույցները:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը ավելի վաղ հայտնել էր, որ ՄԱԿ տեսուչների զեկույցը, որոնք հետաքննում են քիմիական զենքի կիրառման փաստը Դամասկոսի արվարձանում, հավանաբար, կհրապարակվի սեպտեմբերի 16-ին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Photo: ru.tsn.ua
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---