La Stampa. Կրեմլը պատրաստ է քննարկել սիրիացի քրիստոնյաներին ՌԴ քաղաքացիություն տալու հարցը

La Stampa. Կրեմլը պատրաստ է քննարկել սիրիացի  քրիստոնյաներին ՌԴ քաղաքացիություն տալու հարցը

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությունը դարձել է Պուտինի քաղաքականության ռազմավարական հարցերից մեկը, գրում է La Stampa-ն: Կրեմլը պատրաստ է քննարկել Սիրիայի Կալամուն շրջանի շուրջ 50 հազար քրիստոնյաներին ՌԴ քաղաքացիություն տալու հարցը, որոնք անցած շաբաթ հավաքական խնդրագրով դիմել էին Ռուսաստանի ԱԳՆ: Նախագահ Պուտինի ու ԱԳՆ մամլո քարտուղարների հայտարարություններում ասվում է, որ ՌԴ գերագույն ղեկավարությունը քննարկում է հարցը: «Քրիստոսի ծննդից ի վեր առաջին անգամ մենք՝ Սեդնայի, Մաարայի, Մաալուլայի քրիստոնյաներս, մեր հողից տարագրվելու վտանգի առջև ենք հայտնվել»:

«Ուշադրությունը, որին արժանացավ նամակը, վկայում է այն մասին, որ Կրեմլի համար այս պատմությունն ունի այդ թվում նաև աշխարհաքաղաքական նշանակություն: 50 հազար քրիստոնյաների նամակը Մոսկվայի պատրիարքությունը շտապեց ներկայացնել որպես Մերձավոր Արևելքում, հատկապես քրիստոնյա փոքրամասնության շրջանում, Ռուսաստանի մեծ հեղինակության վկայություն»,-ասվում է հոդվածում: Վկայելու համար Սիրիայի ու Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ճակատագրով մտահոգ լինելու փաստը՝ Պատրիարք Կիրիլը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 12-րդ տարելիցի շեմին իրեն հատուկ ճարտասանական պերճախոսությամբ նամակ հղեց Բարաք Օբամային: Նամակում նա խնդրում էր ԱՄՆ նախագահին ականջալուր լինել կրոնական առաջնորդների ձայնին, որոնք «միասնաբար» դեմ են հանդես գալիս Ասադի դեմ ռազմական հարվածին: Ուղերձում Կիրիլը գրել է նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաների զանգվածային արտագաղթի կամ ոչնչացման սպառնալիքի մասին», ռուս դիվանագետների հետ համահունչ ձևով կոչ անելով «կարգավորել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհներով»,-գրում է հեղինակը:

«Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների ճակատագրի հանդեպ հետաքրքրվածությունը ՌՈւԵ գործունեության ուղղություններից մեկն է: Նրա ներկայիս վերածնունդը Մերձավոր Արևելքի քիստոնյաներին փրկելու բարձր կոչերով միանգամայն համահունչ է պուտինյան Ռուսաստանի քաղաքականությանն այդ տարածաշրջանում: ԽՍՀՄ փլուզումից 20-ից ավելի տարի անց, խորհրդային կոմունիստական աթեիզմի տասնամյակներից հետո, Պուտինն իր աշխարհաքաղաքականության մեջ ստանձնել է այդ թվում նաև Արևելքի քրիստոնյաների պաշտպանի դերը»,-եզրակացնում է թերթը, հայտնում է InoPressa-ն:

Հոկտեմբերի 16-ին շուրջ 50 հազար սիրիացի քրիստոնյաներ դիմել են ՌԴ ԱԳՆ՝ խնդրելով Ռուսաստանի քաղաքացիություն շնորհել նրանց:

Սիրիացի ապստամբները ծայրահեղական իսլամիստական «Նուսրայի ճակատը» խմբավորումից սեպտեմբերի 4-ին գրոհեցին հին քրիստոնեական Մաալուլա բնակավայրը Դամասկոսից դեպի հյուսիս-արևելք:

Այժմ Մաալուլայում ահաբեկիչներ չկան: Բնակավայրը հայտնի է նրանով, որ բնակիչները խոսում են հին եբրայերեն լեզվով: «Ալ Նուսրայի ճակատը» չի թաքցնում Սիրիայում իսլամական էմիրություն հիմնելու իր մտադրությունը:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Մինչ պատերազմը քրիստոնյաները Սիրիայում կազմում էին բնակչության 10 տոկոսը: 2011 թ. ի վեր սպանվել է մոտ 1000 քրիստոնյա, ավերվել է 40 եկեղեցի, շուրջ 300 հազար քրիստոնյաներ փախել են երկրից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---