Ալիևը Նախիջևանում առանձին բանակ է ստեղծել

Ալիևը Նախիջևանում առանձին բանակ է ստեղծել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Առանձին բանակի ստեղծման մասին, հայտնում է Ալիևի պաշտոնական կայքը: Հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը, որը նախկինում զբաղեցնում էր Ադրբեջանի ՊՆ ընդհանուր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը: Առանձին ռազմական ստորաբաժանման ստեղծման մասին հրամանագիրը հրապարակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահիդ Ալիևը:

«Դոկտրին» Ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին համարում է այդ հրամանագիրը չհիմնավորված: Նա իրական չի համարում այն փաստարկները, որ Նախիջևանի բանակը կամրապնդի Նախիջևանի պաշտպանունակությունը և կբարելավի այնտեղ տեղակայված ստորաբաժանումների կառավարումը, հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Ըստ նրա, որոշումը կայացվել է ռազմական հարցերով նախագահի օգնական Վահիդ Ալիևի և 5-րդ կորպուսի հրամանատար Մուստաֆաևի ցանկությամբ: «Մուստաֆաևը միշտ հատուկ լիազորություններ է ունեցել, նա հաշվի չի նստում պաշտպանության նախարարության հետ և ավելի շատ կատարում է Վահիդ Ալիևի հանձնարարությունները»,-նշել է փորձագետը: Ըստ Սումերինլիի, տպավորություն է ստեծվում, որ ՊՆ ղեկավարի փոփոխության հետ կապված Մուստաֆաևը քայլեր է ձեռնարկում իր դիրքերը պահպանելու և նոր նախարարի վրա ազդեցությունը կանխելու համար, այսպիսով օրինականացնելով իր ինքնուրույնությունը:

Բանակն անմիջապես ենթարկվելու է գերագույն հրամանատարին: Հնարավոր է, որոշ հարցերում կպահպանվի նաև ենթակայությունը պաշտպանության նախարարությանը: Սակայն, փաստացի երկրում կգործեն երկու պաշտպանության նախարարություններ: Ուստի այդ որոշումը ոչ միայն չի կատարելագործում զինուժի կառավարումը, այլ հակառակը, միայն բարդացնում է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---