Ֆրանսիական Վիենում հանել են Ուկրաինայի դրոշն Ադրբեջանի մասին Զելենսկու խոսքերից հետո

Ֆրանսիական Վիենում հանել են Ուկրաինայի դրոշն Ադրբեջանի մասին Զելենսկու խոսքերից հետո

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Վիենի քաղաքապետ Թյերի Կովաչը կարգադրել է հանել վարչական շենքի ճակատային մասից Ուկրաինայի դրոշը՝ Ադրբեջանի հետ գործակցության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերից հետո, գրում է Dauphiné Libéré–ն։

«Չի կարելի հղում անել արևմտյան արժեքներին և այդ հիմքով կոչ անել Արևմուտքին օգնել, միևնույն ժամանակ կիսելով մի ռեժիմի տեսլականը, որը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման նախաձեռնողն է։ Ադրբեջանական բռնապետին նման աջակցությունն անընդունելի է։ Դրոշի հանումը չի նվազեցնում այն աջակցությունը, որը Վիենը ցուցաբերում է ուկրաինացի ժողովրդին»,–ասել է քաղաքապետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Կովաչի, չի կարելի շնորհակալություն հայտնել Բաքվին հումանիտար օգնության համար, մասնավորապես, էներգետիկայի հատվածում, երբ Ադրբեջանը «գազը մեկուկես անգամ թանկ է վաճառում՝ ֆինանսավորելու համար իր ռազմական ջանքերը Հայաստանի դեմ»։

Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել էր Ուկրաինային ցուցաբերվող հումանիտար օգնությունը էներգետիկ ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը, մարտահրավերներն ու հակազդեցության ձևերը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---