«Զվարթնոցի» կոնցեսիոներն առաջիկա 5 տարիներին կներդնի 101 մլն դոլար

«Զվարթնոցի» կոնցեսիոներն առաջիկա 5 տարիներին կներդնի 101 մլն դոլար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 26-ին հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի համար մշակված նոր «Մաստեր պլանը», ըստ որի օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար 101,1 մլն դոլարի ներդրումներ կկատարվեն:

Նախագծի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ ներդրումները մի կողմից հնարավորություն կտան բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, տուրիզմն և պահպանել այն, որպեսզի օդանավակայանը լինի լավագույնը: «Սա գերակա խնդիր է, և չենք կարող թերագնահատել օդանավակայանի կարևորությունը»,- ասաց նա:

Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի խոսքով՝ հիմնական ներդրումները կուղղվեն նստեցման հատվածի ընդլայնմանը. նստեցման ելքերի քանակը կավելանա ևս չորսով: Ընդհանուր առմամբ, օդանավակայանը կունենա 10 նստեցման ելք, կառամատույցի ամբողջ մակերեսը 50 քմ-ով կավելանա, որոնց համար ընդհանուր ծախսերը կկազմեն 40 մլն դոլար: «Պետական մարմինների համար է նոր շենք նախատեսված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու ստեղծման խնդիրն է դրված»,- ասել է նա, հայտնում է Tert.am-ը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև «Զվարթնոցի» հին մասնաշենքի խնդրին: «Խոսքը կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ ներկայացված առաջարկի մասին է: Հասկանալի է, որ այն նախատեսում է 15-20 մլն դոլարի ներդրում, ինչը բավականին շատ է: Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,- նշել է նա՝ հավելելով, որ օդանավակայանի տարածքում մի այգի կառուցելու հետաքրքիր առաջարկ կա, որտեղ ճարտարապետական լուծումով կարող են տեղավորվել բոլոր կոթողները:

Վարչապետի խոսքով՝ նման բան կա Բրյուսելում. «Միգուցե ճարտարապետների հետ գտնենք այնպիսի լուծումներ, որ կարողանանք պահպանել ճարտարապետական ժառանգությունը»:

Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ այդ շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, որը մեր հուշարձանների շարքում ներառված չէ, բայց ճարտարապետները դա արժեքավոր ժառանգություն են համարում:

Նոյեմբերի 11-ին Հանրային խորհուրդը (ՀԽ) քննարկման էր դրել «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքի հետագա ճակատագրի հարցը: Հին շենքը քանդելուն դեմ էր քվեարկել խորհրդի 20 անդամ, 2-ը՝ կողմ:

Առաջարկվում էր դիմել շահագործողին` խնդրելով հաշվարկներով ներկայացնել հետագա գործողությունների ծրագիրը, ուսումնասիրել հին մասնաշենքի շահագործման հնարավորությունը, ինչպես նաև քննարկել շենքը մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հանձնաժողովնրում տեղի ունեցած քննարկումներն ու հանրայի կարծիքը, դեմ էր արտահայտվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու առաջարկին:

Քննարկմանը օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հայտարարել էր, որ ընկերության պատճառաբանությունը, թե շենքը վթարային է, իրականությանը չի համապատասխանում:

Ճարտարապետի համար անհասկանալի պատճառներով շենքը ժամանակին հուշարձանների ցանկից հանվել է։ Նրա խոսքով, շենքը վարձակալության ստացած «Կորպորացիոն Ամերիկան» խախտել է պայմանագիրը, որը կնքվել էր 2001-ին, ուստի դրա իրական սեփականատերը՝ ՀՀ կառավարությունը, պետք է կազմակերպության ձեռքից վերցնի այն և տա այնպիսի ընկերության, որն ընդունակ է շահագործելու՝ պահպանելով այն:

Ըստ նրա, գոյություն ունեցող շենքը կարելի է օգտագորել որպես օդանավակայան, որը կսպասարկի «ներքին ռեգիոնալ ռեյսերը նաև Ղարաբաղ»:

Շահագործողը հանդես էր եկել հայտարարությամբ, թե հին համալիրի պահպանումն որպես խնդիր իրենց առջև դրված չի եղել և այժմ, երբ առաջացել է օդանավակայանի ընդլայնման հարցը, կոնցեսիոները նպատակահարմար է գտնում ընդլայնել այն հին մասնաշենքի հաշվին: Շահագործողը որպես հիմնավորում նշել էր նաև այն, որ հին համալիրը հնարավոր չէ օգտագործել ներկայիս ավիացիոն պահանջների համար: Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Սեպտեմբերի 26-ին կայացած քննարկմանը Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը Հանրային խորհրդին խոստացել էր, որ հաշվի կառնեն խորհրդի կարծիքը:

2013 թ. ապրիլի 29-ին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մտավախություն էր հայտնել, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը, որի կառավարմանն է հանձնված օդանավակայանը, կարող է «ավելորդ» համարել հին շենքն ու քանդել այն: Ըստ նրա, ժամանակին շենքն արժանացել է համամիութենական մրցանակի և պատմամշակութային հուշարձան է:

2011 թվականին բացվեց օդանավակայանի նոր տերմինալը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: 1961 թվականին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980 թվականին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---