Տիգրան Մանսուրյանի 75-ամյակն է

Տիգրան Մանսուրյանի 75-ամյակն է

PanARMENIAN.Net - Տիգրան Մանսուրյանն այն սակավաթիվ, եթե չասենք միակ, կոմպոզիտորներից է, ում հաջողվել է միաձուլել մեկ երաժշտական երկի մեջ հայկական մեղեդին, դասական երաժշտությունն ու ավանգարդը: Իսկ ամեն ինչ սկսվեց այնպես, ինչպես սովորաբար լինում է հանճարների դեպքում՝ պատահաբար: Թեև ասում են՝ պատահաբար ոչինչ չի լինում: Պատմում է ինքը՝ Տիգրան Մանսուրյանը. «Մի օր երեկոյան տեսա պատերազմից մնացած մի գերմանական գործիք: Դա աշխատանքային ակումբում էր, կողքը բանվորները նստած շախմատ էին խաղում: Առաջին անգամ տեսա գործիքն ու չէի կարողանում աչքս դրանից կտրել: Նոտաները չիմանալով, սկսեցի նվագել: Երևակայությանս զոռ տվեցի, հորինում էի, ինչպես կարող էի: Այդ օրվանից էլ սկսվեց… Երաժշտական ուսումնարան ընդունվելու համար ինքնուրույն սովորեցի նոտաները, երաժշտության տեսությունը, սոլֆեջիոն: Շատ դժվար էր: Այդ ժամանակվանից ի վեր երաժշտությունն անձնական գործս է»:

Կոմպոզիտորը ծնվել է Բեյրութում 1939-ի հունվարի 27-ին, 1947-ին ընտանիքը հայրենադարձվեց Հայաստան և բնակություն հաստատեց Արթիկում: Մանսուրյանն ավարտեց տեղի յոթնամյա դպրոցը, Երևանի երաժշտական ուսումնարան ընդունվելու համար սովորեց նոտաները: 1956-ին ընտանիքը տեղափոխվեց Երևան: Հետո արդեն կոնսերվատորիան էր, ստեղծագործ տարիները: «Շատ եմ սիրում կոմպոզիտորներին, որոնք մինչև կյանքի վերջն աշակերտ են մնում: Նրանց պատուհանները միշտ բաց են նոր բան սովորելու համար, ինչպես Իգոր Ստրավինսկու դեպքում: Հայտնի է, որ կյանքի վերջին տարիներին նա աշակերտի պես ձեռքով արտագրում էր հին վարպետների պարտիտուրները: Հետաքրքրությունը հայ ժողովրդական երգի հանդեպ, մեր հոգևոր երաժշտության հանդեպ մշտական էր: Եթե խոսելու լինենք սիրված կոմպոզիտորների մասին, ապա առաջինը Կոմիտասն էր: Հետո, դպրոցական տարիներին սեր առաջացավ Արամ Խաչատրյանի երաժշտության հանդեպ, որը մինչ օրս շարունակվում է: Մինչ օրս լսում եմ Շոստակովիչին, ում երաժշտությամբ գերված էի Երևանի երաժշտական ուսումնարանում սովորելու տարիներին: Հետաքրքրված էի Ստրավինսկու, Բարտոկի, Հինդեմիթի, Վիեննայի նոր դպրոցի ներկայացուցիչների՝ Շենբերգի, Բերգի, Վեբերնի երաժշտությամբ: Հետո՝ Բուլեզ, Շթոկհաուզեն: Կլոդ Դեբյուսիի ստեղծագործություններն ինձ գրավեցին: Ավելի ուշ հետաքրքրություն առաջացավ եվրոպական երաժշտության հանդեպ. Մոնտեվերդի, Ջեզուալդո, Շյուտց: Երբ գրավված ես լինում նոր երաժշտությամբ, դա, բնականաբար, տանում է քեզ դեպի հին՝ մինչբախյան երաժշտություն: Կոմիտասն ինձ համար այլոցներից կարևոր ու մոտ է: Սիրում եմ լսել նրան, ուսումնասիրել, վերլուծել ավելի մեծ խորությամբ»,- ասել է նա հարցազրույցներից մեկում:

Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել մի քանի անգամ հանդիպել կոմպոզիտորին, և միշտ ապշեցնում էր նրա մանկական տարվածությունն այն կոմպոզիտորով, որին նա այդ պահին լսում էր: Մանսուրյանին բոլորը գիտեն «Կտոր մը երկինք» ֆիլմի համար գրված նրա երաժշտությամբ՝ շատ հուզական, սրտաբուխ և այդքան հարազատ Վահան Թոթովենցի ստեղծագործության ոգուն, որի նովելով էլ նկարահանվել է ֆիլմը: Մանսուրյանն այդ երաժշտությունը գրել էր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար՝ հենց մանսուրյանական ձեռագիրը փոխանցեց ֆիլմի ամբողջ իմաստը: Միխայիլ Վարդանովի «Աշնանային հովվերգություն», Հենրիխ Մալյանի «Մենք ենք՝ մեր սարերը», Բ. Հովհաննիսյանը «Տերը» Հրանտ Մաթևոսյանի վեպի մոտիվներով, Սերգեյ Իսրայելյանի «Սպիտակ անուրջները», անզուգական «Մեր մանկության տանգոն» Գալյա Նովենցի ու Ֆրունզիկ Մկրտչյանի դերակատարմամբ, որի ռեժիսորն է Ալբերտ Մկրտչյանը, ահա ֆիլմերի այն ոչ լիարժեք ցանկը, որտեղ հնչում է Մանսուրյանի երաժշտությունը, հաճախ, պարզապես ֆոնից վերածվելով ֆիլմի լիիրավ հերոսի, երբեմն նույնիսկ՝ գլխավոր:

«Երաժշտարվեստի զարգացման համար, որը կանգ առավ Կիլիկիայի թագավորության անկման հետ, ունենք բոլոր նախադրյալները: Կարևոր է տեսնել Կիլիկիայում իրական իրավիճակը, դիտարկել այն ժամանակվա Եվրոպայի վիճակը՝ իսկ նրա հետ շատ ակտիվ կապեր ունեինք: Կա պոտենցիալ հնարավորություն վերադառնալ այդ ճանապարհին, հասկանալ, թե հատկապես ինչը խեղվեց այն ժամանակ, ինչ մենք այնտեղ թողեցինք: Երբ փորձում ես երևակայել, թե ինչպես կարելի է առաջ շարժվել, տեսնում ես երաժշտարվեստի ավանդույթները շարունակելու հրաշալի դրախտ: Ճարտարապետությունը, երաժշտությունը, մանրանկարչությունը՝ ամեն ինչ մեկ միասնություն էր կազմում»:

Մանսուրյանը նաև երաժշտություն է գրել Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Խաչատուր Կեչարեցու, Նահապետ Քուչակի, Հովհաննես Թումանյանի, Չարենցի, Կոստան Զարյանի, Մաթևոս Զարիֆյանի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Ռազմիկ Դավոյանի խոսքերով:

Մնում է հավելել, որ կոմպոզիտորի քույրը՝ Արաքս Մանսուրյանը, հիանալի օպերային երգչուհի է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---