Հումանիտար օգնությունը հասնում է Սիրիա

Հումանիտար օգնությունը հասնում է Սիրիա

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ նախաձեռնությամբ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Սիրիայի ու Շվեյցարիայի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննարկվել են Սիրիայի հումանիտար կարիքները ու դրանք բավարարելու միջոցները:

Սիրիական պատվիրակությունը հանդիպմանը գլխավորում էր ԱԳ և էմիգրանտների հարցերի փոխնախարար Հուսեմ էդ Դին Ալյան, իրանականը՝ ԱԳ նախարարի Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի գծով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, իսկ շվեյցարականը՝ Զարգացման ու գործակցության գործակալության փոխտնօրեն Մանուել Բեսլերը:

Հանդիպման շրջանակներում Ալյան ճեպազրույց վարեց Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Նա նշեց, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար հարցին ու մշտապես աշխատում է գոհացնել բոլոր կարիքավոր քաղաքացիների պահանջներն առանց բացառության:

Ըստ նրա, երկրում հումանիտար իրավիճակի վատթարացման գլխավոր գործոններն են զինյալ ահաբեկչական խմբավորումների հանցավոր գործունեությունը և միակողմանի տնտեսական պատժամիջոցները, որոնք որոշ երկրներ սահմանել են Սիրիայի դեմ, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Մինչդեռ Լաթակիայի «Ալ Բասել» օդանավակայան են ժամանել հումանիտար բեռով երկու ռուսական ինքնաթիռներ: Բեռի քաշը 52 տոննա է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆֆը առողջապահության դեպարտամենտից պահանջել է առավել կարևոր պահանջների ցուցակը: Հոֆֆն այցելել է մի քանի բուժկենտրոններ ու ժամանակավոր կացության կենտրոններ, ուր մինչ այդ կազմակերպության շնորհիվ պատվաստանյութ էր բերվել երեխաների համար:

Հոֆֆը հայտարարել է, որ այցի նպատակն է քննարկել իրավիճակն առողջապահության ոլորտում գավառներում, պարզել, թե ինչպիսին է պատվաստանյութերի ու դեղորայքի պահանջարկը:

«Հավատարմություն Սիրիային» եվրոպական հասարակական կազմակերպության հումանիտար օգնության հերթական խմբաքանակը փետրվարի 3-ին հասել է սաhմանակետ Լիբանանի ու Սիրիայի սահմանին: Այն բաղկացած է 18 բեռնատարներից սնդդամթերքով, մանկական սնունդով, ջեռուցիչներով ու ծածկոցներով:

Ինչպես հայտարարել է կազմակերպության ղեկավար Ամին Աբու Ռաշիդը, հումանիտար օգնությունը կբաշխվի փախստականների ու այլ անձանց միջև, որոնք տուժել են ճգնաժամից: Օգնության մի մասը կհատկացվի Յարմուկի փախստականների ճամբարի ընտանիքներին: Իր հերթին կազմակերպության ղեկավարներից Ալ Հալիլը հայտարարել է, որ հումանիտար օգնությունը հավաքվել է Եվրոպայի մի շարք պաղեստինյան կազմակերպությունների շնորհիվ: «Հավատարմություն Սիրիային» կազմակերպությունը գործում է 2013 թվականի մայիսից:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---