Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը կոչ է արել Թուրքիային անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների յուրատեսակ սկիզբ հանդիսացավ ապրիլի 22-ին Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Արգենտինայի հռոմեակաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ կարդինալ Խորխե Բերգոլիոյի կողմից Բուենոս Այրեսի Մայր Տաճարում տրված էկումենիկ աղոթքի եւ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողությունը, որին ներկա էին հարյուրավոր արգենտինացիներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը: Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման աղոթքի խոսքում կարդինալ Բերգոլիոն կոչ արեց Թուրքիային անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես հայ ազգի եւ մարդկության հանդեպ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ծանրագույն ոճրագործություն:



Ապրիլի 23-ին առավոտյան, Ցեղասպանության նահատակներին նվիրված սուրբ պատարագ մատուցվեց հայկական եկեղեցիներում, կազմակերպվեցին պսակների զետեղման արարողություններ հայկական հուշարձանների մոտ: Օրվա երկրորդ կեսին համայնքային կառույցների երիտասարդական կազմակերպություններն անցկացրեցին քաղաքական միջոցառումներ. մայրաքաղաքի փողոցներով շրջագայող ավտոշարասյունը վերածվեց բազմամարդ երթի, որն ավարտվեց թուրքական դեսպանության առջեւ բողոքի ակցիայով:



Նույն օրը երեկոյան Բուենոս Այրեսի ամենամյա Գրքի միջազգային խոշորագույն ցուցահանդեսի սրահում Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսությունով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի նախկին փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսը: Անդրադառնալով 20-րդ դարի սկզբին մարդկության դեմ իրագործված առաջին հանցագործությանը, նա ցավով նշեց, որ քաղաքական նկատառումներով, Ցեղասպանությունն առայժմ պատշաճ ճանաչում չի գտել որոշ երկրների` այդ թվում Մեծ Բրիտանիայի կողմից: Այնուամենայնիվ, Բարոնուհին լավատես էր Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում, ինչպես նաեւ հույս ուներ, որ Թուրքիան ի վերջո կգա այն գիտակցմանը, թե «որքան կարեւոր է թուրք ժողովրդի համար իսկ թոթափել խղճից այդ ծանրությունը»:



Ապրիլի 24-ին շարունակվեցին Եղեռնի հիշատակմանը նվիրված միջոցառումները. համայնքային ներկայացուցիչները ծաղկեպսակ զետեղեցին Արգենտինայի ազգային հերոս գեներալ Սան Մարտինի հուշարձանին, ապա, տեղի ունեցավ երթ դեպի Բուենոս Այրեսի Հայկական հրապարակ, որտեղ կայացավ Ցեղասպանության տարելիցին նվիրված հուշարձանի բացում: Արգենտինյան մամուլը մի քանի օր անընդմեջ հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումներով: Ապրիլի 23-ին Ցեղասպանության տարելիցին նվիրված հատուկ ծրագիր հեռարձակվեց Արգենտինայի կենտրոնական` «7-րդ ալիքով»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---