Սաուդյան Արաբիան մտադիր է վերադարձնել սիրիական ընդդիմության բարձր մարտունակությունը

Սաուդյան Արաբիան մտադիր է վերադարձնել սիրիական ընդդիմության բարձր մարտունակությունը

PanARMENIAN.Net - Սիրիայում «Ալ Քայիդայի» գլխավոր դաշտային հրամանատարներից մեկը՝ Աբու Հալեդ ալ Սուրին Հալեպի մոտակայքումմահապարտների գործողության արդյունքում սպանվել է:

«Մահապարտների գոտիներ» կրող երկու իսլամիստներ թափանցել են «Ահրար ալ Շամ» խմբավորման ճամբարի տարածք, որտեղ էլ գործի դրել պայթուցիկ սարքերը:

Աբու Հալեդ ալ Սուրին 90-ականներին եղել է Ուսամա բեն Լադենի զինակիցներից մեկը ու գործուղվել Սիրիա Այման ալ Զավահիրիի կողմից, որը փոխարինեց Բեն Լադենին կազմակերպության ղեկավարի դերում:

Ալ Սուրիի նպատակն էր պաղեստինցիների խմբավորումների համակարգումը: Այստեղ նա ստեղծել էր իր «Ահրար ալ Շամ» խմբավորումը, որն արագ վերածվել էր սիրիական ընդդիմադիրների շարքերում ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի: Ահաբեկչության համար ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, հայտնում է 9tv.co.il-ը:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

Մինչդեռ, ինչպես հայտնում է AFP-ն, Սաուդյան Արաբիան խորհրդակցություններ է սկսել Պակիստանի հետ այդ երկրի տարածքով սիրիական ընդդիմությանը հակատանկային ու զենիթային հրթիռների առաքման վերաբերյալ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են սիրիական ընդդիմության մարտունակությունը նոր մակարդակի բարձրացնել: ԱՄՆ-ն, հավանաբար, չի խոչընդոտի զենքի առաքումներին արաբական երկրներից, հաշվի առնելով, որ ներսիրիական հակամարտության շուրջ բանակցությունները ձախողվեցին:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովն անցավ երկու փուլով: Այն մեկնարկեց հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին շարունակվեց Ժնևի Ազգերի պալատում: Երկրորդ փուլը տեղի ունեցավ փետրվարի 10-ին: Դա խոշորագույն խորհրդաժողովն էր, նվիրված Սիրիայում ստեղծված իրավիճակին:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Սիրիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են գործակցել նախօրեին ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձևի շուրջ ու հումանիտար միջանցք տրամադրել, քանի դեռ հարգվում է երկրի ինքնիշխանությունը, Սիրիայի ԱԳՆ վրա հղումով հայտնում է SANA գործակալությունը:

Փետրվարի 22-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով Սիրիայի կառավարությունից ու ընդդիմությունից պահանջվում է հումանիտար միջանցք ապահովել տուժածներին օգնելու համար:

Փաստաթուղթը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ վերացնել բնակելի շրջանների շրջափակումը, ներառյալ Հոմսի Հին քաղաքը, Նուբլն ու Զահրան, Մադամիան, Յարմուկը, Դերաան և այլ շրջանները:

Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու հետ կապված բարդ իրավիճակը առաջնահերթ խնդիրներից մեկն է, որը քննարկվեց Ժնևի խորհրդաժողովում: Բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել էր համաձայնության հասնել եռօրյա հումանիտար դադարի վերաբերյալ՝ Հոմս օգնություն հասցնելու համար, և քաղաքի երեխաներին, կանանց ու ծերունիներին տարհանելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---