Ղրիմի խորհրդարանը հայտարարել է անկախության մասին և դիմել Ռուսաստանին` ՌԴ կազմում ընդգրկվելու խնդրանքով (թարմացված)

Ղրիմի խորհրդարանը հայտարարել է անկախության մասին և դիմել Ռուսաստանին` ՌԴ կազմում ընդգրկվելու խնդրանքով  (թարմացված)

PanARMENIAN.Net - Գերագույն խորհուրդն արտահերթ նիստում ընդունել է «Ղրիմի անկախության մասին» որոշում` թերակղզին հայտարարելով անկախ ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն։

Հանրապետությունը՝ ի դեմս Գերագույն խորհրդի, դիմել է Ռուսաստանին՝ հանրապետության կարգավիճակով Դաշնության կազմում որպես սուբյեկտ ներառվելու առաջարկով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ղրիմի հանրաքվեի հարցաթերթիկների 100% մշակումից հետո հայտնի է դարձել, որ Ղրիմի` Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին է քվեարկել ընտրողների 96.77%-ը: Մարտի 17-ի առավոտյան այս տվյալը հայտարարել է Ղրիմի հանրաքվեի անցկացման կոմիտեի նախագահ Միխաիլ Մալիշևը: Քվորումը կազմել է 82,71%: Ղրիմում ընտրատեղամասեր են եկել ընտրողների 81,36%-ը, Ստավրոպոլում` 89,51%:

Ղրիմի պաշտոնական արժույթ է ճանաչվել ռուսական ռուբլին։ Բայց մինչև 2016-ի հունվարի 1-ը թերակղզիում կգործի նաև ուկրաինական գրիվնան։ Ըստ Ղրիմի խորհրդարանի պաշտոնական կայքի, բոլոր գործարանները, ընկերությունները, կազմակերպություններն ու ֆիզիկական գործարար-անձինք, որոնք գործունեություն են ծավալելու Ղրիմի տարածքում, ինչպես նաև տեղի քաղաքացիները, հարկերը, վճարներն ու այլ ոչ հարկային, այդ թվում նաև կենսաթոշակային ու ապահովագրական մուծումներն անելու են Ուկրաինայի 2014-ի կանոնադրությամբ սահմանված ժամկետներում։

Հանրաքվեի ամենամեծ ինտրիգներից մեկը Ղրիմի թաթարների մասնակցության հարցն էր: Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն բոյկոտել թաթարների կողմից չի հաջողվել, վստահ է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը: «Նրանց շրջանում քվորումն ավելի ցածր էր, բայց թվերը ցույց են տալիս, որ բոյկոտել չի հաջողվել»,- ասել է Սիմֆերոպոլում գտնվող Ֆյոդորովը:

Իր հերթին «Հասարակական վերահսկողություն» քաղաքացիների ընտրական իրավունքը պաշտպանող ՀԿ համանախագահ Ալեքսանդր Բրոդը հայտարարել է, որ մոտավոր գնահատականների համաձայն, հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող Ղրիմի թաթարների 30-40 տոկոսը:

«Կրիմինֆորմ» գործակալության տվյալով, հանրաքվեին մասնակցել է 23 երկրից 135 ու Ղրիմի հասարակական կազմակերպությունները ներկայցնող 240 դիտորդ: Ամբողջ օրվա ընթացքում քվեարկության հետ կապված լուրջ միջադեպեր չեն գրանցվել:

Հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովն արդեն հայտարարել է, որ Ղրիմը «մաքսիմալ արագ, բայց միևնույն ժամանակ բոլոր իրավաբանական գործընթացներին հետևելով» կմտնի Ռուսաստանի կազմի մեջ: Նրա խոսքով` երկուշաբթի առավոտյան պետք է տեղի ունենա Ղրիմի Գերագույն խորհրդի նիստը, որի արդյունքում Ռուսաստանի նախագահին կխնդրեն Ղրիմը միացնել Ռուսաստանին:

Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Ղրիմի պատվիրակությունը երկուշաբթի կմեկնի Մոսկվա` թերակղզու` Ռուսաստանին միանալու հարցը քննարկելու համար, հայտնում է Interfax-ը:

Մինչ այդ, ինչպես հայտնում է evrofor.ru-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը երբեք օրինական չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները, և պատրաստ է Ռուսաստանին ստիպել թանկ վճարել Ուկրաինայի դեմ գործողությունների համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության` հեռախոսազրույցի արդյունքների մասին ներկայցրած կոմյունիկեում:

«Նախագահ Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանադրության խախտումներով Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները երբեք չեն ընդունվի ԱՄՆ ղեկավարության և միջազգային հանրության կողմից»,- ասված է կոմյունիկեում:

Ամերիկայի առաջնորդի խոսքով` «Ռուսաստանի Դաշնության գործողությունները խախտում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և մենք` ԵՄ երկրների հետ համատեղ, պատրաստ ենք ստիպել Ռուսաստանին շատ թանկ վճարել»:

Օբաման նաև ընդգծել է, որ մինչև այժմ պահպանվում է Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով հաղթահարման հնարավորությունը, որը հաշվի կառնի ինչպես ուկրաինացիների, այնպես էլ Ռուսաստանի շահերը:

Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նևերովը, իր հերթին հայտարարել է, որ ռուս պատգամավորներն ամենասեղմ ժամկետներում կընդունեն բոլոր անհրաժեշտ օրենսդրական որոշումները, որոնք Ղրիմին թույլ կտան մտնել ՌԴ կազմի մեջ: Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները ցույց են տվել, որ Ղրիմի բնակիչներն իրենց ապագան տեսնում են միայն Ռուսաստանի կազմում: Մարդիկ քվեարկել են ազգի վերամիավորման օգտին, նշել է պատգամավորը:

«Այն, ինչ կատարվում է Ղրիմում, ոչ դե-յուրե, ոչ դե-ֆակտո չի կարելի հանրաքվե անվանել: Սակայն այսօր ծայրահեղ անհրաժեշտ է ինքնավար հանրապետությունում ռազմական բախումներ թույլ չտալ»,- հայտարարել է «Ուդար» ուկրաինական կուսակցության ազգային պատգամավոր Օկսանա Պրոդանը:

«Այն, ինչ կատարվել է Ղրիմում, զավթիչների կողմից անցկացված սոց. հարցում է այն մասին, թե Ղրիմի բնակիչների որ մասը չի դիմադրի այդ նույն զավթիչներին»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, ազգային պատգամավորը նշել է, որ մեծ կասկածներ կան Ղրիմի ժողովրդի «այսպես կոչված հանրաքվեին» ներկայանալու ցուցանիշների իրականության, ինչպես նաև վերջնական արդյունքների վերաբերյալ։ Պրոդանը նշել է, որ ոչ Ուկրաինան, ոչ աշխարհը դրանք չեն ընդունում։

«Ղրիմը եղել ու մնում է ուկրաինական տարածք։ Հիմա կարևորն է կրակով չպատասխանել Ռուսաստանի կողմից շրջապատմանը, ու ռազմական գործողություններ չհրահրել, չթույլատրել, որ Ղրիմը դառնա Աբխազիա»,- նշել է ազգային պատգամավորը։

Ըստ Օկսանա Պրոդանի, այսօր, անկասկած, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն Ռուսաստանի ռազմական ագրեսիան կանգնեցնելու համար կսկսեն այդ երկրի դեմ սանկցիաներ կիրառել։

«Այն, որ Ռուսաստանը փորձում է իր զորքերը մտցնել Ուկրաինայի ամբողջ տարածք, վտանգ է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա։

Delfi-ի տեղեկացմամբ, Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը տեղեկացրել է, որ ԵՄ ԱԳ նախարարները երկուշաբթի գնահատական կտան Ղրիմում անօրինական հանրաքվեին, նրանք նաև նիստին կքննարկեն ռուս պաշտոնյաների հանդեպ սանկցիաների հնարավոր կիրառումը։

«Նման պայմաններում անցնող հանրաքվեն չի կարող լեգիտին համարվել։Մարտի 17-ին արտգործնախարարների խորհուրդն է՝ առիթ կլինի. կարծում եմ, այն եզրակացություններից մեկը, որոնք կհաստատվեն, կլինի իրադարձությունների գնահատումը»,- ասել է Լինկյավիչուսը։

Նա նշել է, որ ռուսական կողմն առայժմ ջանքեր չի գործադրում լարվածության թուլացման ուղղությամբ, ու նախարարները քննարկելու են կոնֆլիկտի լուծման հնարավոր միջոցները։

Հարցին՝ կոնկրետ ինչ սանկցիաներ կարող են կիրառվել Ռուսաստանի հանդեպ, նա պատասխանել է․ «Հնարավոր տարբերակներից մեկը պաշտոնյաների հանդեպ սանկցիաներն են, տեսնենք՝ ինչպես կստացվի պայմանավորվել, դա բարդ պրոցես է, բայց օրակարգում սանկցիաներ կան, դրանում ոչ մի կասկաց»։

Երկուշաբթի Լիտվայի ԱԳՆ ղեկավարը Բրյուսելում մասնակցում է ԵՄ արտաքին գործերով խորհրդի նիստին, որտեղ կքննարկվեն Արևելյան գործընկերության հարցեր, հատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայում իրավիճակին։

Ռուսական ԶՈւ հսկողության տակ գտնվող Ղրիմում մարտի 16-ին Ռուսաստանի միանալու հարցով հանրաքվե էր։ Կիևի նոր արևմտամետ իշխանությունները, եվրոպացի առաջնորդներն ու ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել են, թե այն շտապ քվեարկությունը, որը կազմակերպեցին Ղրիմի ռուսամետ իշխանությունները, լեգիտիմ չեն, քանի որ խախտվում է Ուկրաինայի Սահմանադրությունը, բացի այդ՝ այն անցկացվել է «զենքի սպառնալիքի ներքո»։

Հանրաքվեի արդյունքները չեն ընդունել նաև Կանադան, Թուրքիան ու Ճապոնիան։ Մանսավորապես, ըստ ուկրաինական Interfax-ի, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ իր երկրի ղեկավարությունն այս հանրաքվեն անօրինական է համարում։

«Հանրաքվեն անվավեր է, ու Ճանոպնիան չի ընդունի դրա արդյունքները»,- լրագրողներին ասել է նա։

Բացի այդ, նա հիշեցրել է քվեարկության՝ Ուկրաինայի Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին, համաձայն որի այդ երկրի տարածքի ամեն պոտենցիալ փոփոխություն պիտի դրվի համազգային քննարկման։

Սուգան ճապոնական կառավարության անունից Մոսկվային կոչ է արել «հետևել միջազգային իրավունքին», ինչպես նաև հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այն առայժմ ձեռնպահ է մնացել Ղրիմում իրավիճակի գնահատումից։ Մասնավորապես, Պեկինն իրավիճակում ներգրավված կողմերին «խաղաղության ու զսպության» կոչ է արել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՉԺՀ ԱԳ փոխնախարար Լի Բաոդունը՝ մեկնաբանելով հանրաքվեի արդյունքները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Իսկ միչև այդ, ըստ Ytro.ru-ի, ՌԴ ֆինանսների նախարարությունը չի բացառում, որ Ղրիմի ու Ռուսաստանի համար կարող է հատուկ հարկային ռեժիմ ստեղծվել։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---