Ապրիլի 4-ին Մոսկվայում կսկսվի Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստումը

Ապրիլի 4-ին Մոսկվայում կսկսվի Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-4-ն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ապրիլի 2-ին նախարարը ելույթ կունենա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսաորադասախոսական կազմի առջև: Ապրիլի 3-ին նախարարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների գործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ապրիլի 4-ի երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ապրիլին կայանալիք հանդիպման մասին ավելի վաղ համատեղ հայտարարության մեջ տեղեկացրել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) ու Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ Հաագայում մարտի 23-24-ին երկու երկրների նախագահների հետ հանդիպումների արդյունքում։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հաագայում այդ օրերին անցնում էր Միջուկային անվտանգության երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 5000 պատվիրակ, այդ թվում նաև աշխարհի 58 երկրի առաջնորդ:

Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացրել են արտգործնախարարների հետ իրականացված աշխատանքներն այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվել էին նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած երկու երկրների ղեկավարների հանդիպմանը:

Միջնորդներն ընդգծել են սահմանին ու շփման գծում հրադադարի խախտման ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել խուսափել ամպագորգոռ հռետորաբանությունից, ինչը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: «Մենք հանդիպեցինք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահների մակարդակով հանդիպման մասին, ժամկետները կճշտվեն», -գրել է նա:

Ավելի վաղ Նիդերլանդներում հանդիպել էին երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Ուորլիքի հերթական գրառման համաձայն, հանդիպումը դրական էր եղել, «հաստատուն խաղաղությունն էլ հնարավոր է»: Եվս մեկ գրառման մեջ ամերիկացի համանախագահը գրել է․ «Ինձ այսօր ուղղեցին՝ դա հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Մենք խաղաղ գոյակցություն ենք ցանկանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 22-ից մարտի 11-ը մի շարք հանդիպումներ են ունեցել Փարիզում ու Մոսկվայում, այդ թվում ՌԴ պաշտոնատար անձանց հետ: Ըստ նրանց տարածած հաղորդագրության, համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումներում շարունակել են աշխատանքը 2013-ի նոյեմբերին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Նախարարները հաստատել էին գոյություն ունեցող հարցերը լուծելու ու գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունը:

Միջնորդներն ընդգծել են համագործակցությունն ու բարձր մակարդակի բանակցությունները շարունակելու կարևորությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան ապրիլին:

Ավելի ուշ ամերիկացի համանախագահ Ուորլիքը բարձր գնահատեց Մոսկվայում անցած բանակցությունները: «ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին կաշխատեն խաղաղության հասնելու համար», - գրել է նա Twitter-ում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---