Ուկրաինա. Ո՞ւմ կորուստները նվազագույնը կլինեն

Ուկրաինա. Ո՞ւմ կորուստները նվազագույնը կլինեն

PanARMENIAN.Net - Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ և Ուկրաինայի դիվանագետները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ քննարկելու համար իրավիճակն Ուկրաինայում: Դա կլինի նման ձևաչափով առաջին հանդիպումը ճգնաժամից հետո: Ինչպես ակնկալվում է, բանակցություններին կմասնակցեն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա ուկրաինացի պաշտոնակից Անդրեյ Դեշչիցան:

Իրադարձություններն Ուկրաինայում իրենց ամբողջ լրջությամբ հանդերձ չեն կարող ամբողջապես ստվերել ոչ պակաս կարևոր մյուս հակամարտություններն ու պատերազմները: Ուղղակի այնպես ստացվեց, որ հենց այդ երկրում են բախվել Ռուսաստանի ու Արևմուտքի շահերը և նրանից, թե ով դուրս կգա հաղթանակած, պարզ կլինի, թե ով է իրոք տիրում աշխարհում: Ուստի հետաքրքիր հարց է առաջանում. ի՞նչպես կզարգանար «արաբական գարունը», եթե Մերձավոր Արևելքն ընդհանուր սահման ունենար ՌԴ հետ: Հավանաբար, սցենարը բոլորովին այլ կլիներ: Ճիշտ է ԱՄՆ-ն ընդհանուր սահման չունի ոչ Արևելքի, ոչ էլ Ուկրաինայի հետ, սակայն դա նրան այդ պետությունների գործերին միջամտելուց զերծ չի պահում: Հանուն արդարության նշենք, որ Ռուսաստանն էլ է միջամտում Ուկրաինայի ներքին գործերին, բայց այստեղ նրբություններ կան: Ղրիմի հետ կապված պատմությունն ավելի համակրելի չդարձրեց Վլադիմիր Պուտինին G7 երկրներում, թեև նա դրան չէր էլ ձգտում: Ըստ Մոսկվայում Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկու, բոլոր երկրներն իրենց արտաքին քաղաքականության մեջ ելնում են ցինիկ մի սկզբունքից. «այն, ինչ բխում է մեր շահերից, միանգամայն արդարացի է, իսկ ում դա դուր չի գալիս, թող գրողի ծոցը գնա»: Ուկրաինայի դեպքում դա պարզորոշ երևում է:

Դատեք ինքներդ՝ պատժամիջոցները, ՆԱՏՕ-ի սպառնալիքները, «ձեռքերդ հեռու» պահանջները միայն ժպիտ են առաջացնում: Ինչպես և Գազպրոմին այլընտրանք գտնելու սպառնալիքները: Այլընտրանք գուցե և գտնվի, բայց ոչ շուտ քան մեկ տարուց: Իսկ այդ մեկ տարին պարտքերի մեջ թաղված Ուկրաինան ինչպե՞ս է ապրելու: ԱՄՀ և ԱՄՆ ֆինանսական օգնությունը դեռ միայն քննարկվում է, իսկ մարդկանց այսօր է փող պետք: Կիևի իշխանությունն էլ երկար չի ձգի, եթե շտապ կարգով չկարողանա փակել բյուջեում առաջացած ճեղքերը, որոնք աճում են ամեն օր: Հասկանալի է, որ ոչ Յացենյուկը, ոչ Տուրչինովն ունակ չեն դա անելու:

Ինչպես և Յուլիա Տիմոշենկոն, որը դեռ «նարնջագույն դափնիների» վրա է նիրհում և չի ցանկանում տեսնել, որ ժողովրդի վերաբերմունքն իր հանդեպ փոխվել է: Եվս մեկ փաստ՝ անկախության 22 տարիների ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի տնտեսության մեջ մոտ 250 մլրդ դոլարի ներդրում է կատարել: Սա բավականին լուրջ գումար է: Բայց թալանեցին չէ ու ոչ մի երաշխիք չկա, որ նոր իշխանությունները կխուսափեն Արևմուտքի օգնության որոշ մասը գրպանելու գայթակղությունից: Արդեն իսկ Կիևում վաճառում են որպես հումանիտար օգնություն ԱՄՆ տրամադրած օրապահիկները: Ցանկացած այլ երկրում դա անընդունելի կհամարեին, ինչպես և կարկանդակների բաշխումը Մայդանում:

Բայց դառնանք առաջիկա հանդիպմանը: Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը զգուշացրեց Ռուսաստանի իշխանություններին, որ ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա «պատմական սխալ» կլինի ծանր հետևանքներով և պահանջեց, որ ռուսական զորքերն անհապաղ հեռացվեն Ուկրաինայի հետ սահմանից: Ճիշտ է, անմիջապես էլ հավելեց, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի կռվելու:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սենատում հայտարարեց, որ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող բախումներին մասնակցում են սադրիչներ ու ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ, որոնք այնտեղ են գործուղվել «քաոս ստեղծելու» նպատակով: Ըստ Քերիի, Կրեմլը մտադիր է օգտվել իրավիճակից ռուսական զորքերը Ուկրաինայի տարածք մտցնելու համար, ինչպես դա եղավ Ղրիմի դեպքում: «Հնարավոր ռազմական ներխուժումը թանկ կնստի Ռուսաստանի վրա: Վաշինգտոնի նոր պատժամիջոցները կներառեն ռուսական տնտեսության բոլոր առանցքային՝ բանկային, էներգետիկ, լեռնաարդյունաբերական և մյուս ոլորտները: Բոլոր այդ պատժամիջոցներն արդեն սեղանի վրա են և նախագահ Օբաման արդեն ստորագրել է այդ գործողություններն իրականացնելու մասին կարգադրությունը, եթե Ռուսաստանը չդադարեցնի ճնշումն ու ագրեսիվ գործողություններն Ուկրաինայում»,-ասել է Քերին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը չվարանեց պատասխանել: «Մեր ամերիկացի գործընկերները փորձում են վերլուծել իրավիճակը՝ ելնելով սեփական սովորություններից և վերագրելով դրանք դիմացինին: Այնպես է հնչում, կարծես պետքարտուղարը վերադարձել է 5 ամիս հետ և նկարագրում է Մայդանում կատարվող իրադարձությունները»,-ասել է Սերգեյ Լավրովը:

Ուկրաինայի ճգնաժամը վաղ թե ուշ կհանգուցալուծվի, հարցն այն է, թե ով այդ առճակատումից դուրս կգա նվազագույն կորուստներով: Բայց, որ ամենից շատ կշահի Չինաստանը, արդեն ոչ ոք չի կասկածում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---