«Աշխարհի սովի քարտեզում» Ադրբեջանն Աֆրիկայի հարևանությամբ է

«Աշխարհի սովի քարտեզում» Ադրբեջանն Աֆրիկայի հարևանությամբ է

PanARMENIAN.Net - Չնայած նախագահ Ալիևին մոտ կանգնած ադրբեջանցի պաշտոնյաների լավատեսական հայտարարություններին, թե Ադրբեջանի զարգացումը գնալով թափ է ստանում, և նա նույնիսկիր կենսամակարդակով կարող է ոտք մեկնել աշխարհի առաջատար երկրների հետ, փաստերը հակառակն են վկայում: Ընդ որում, դրանք բերում են իրենք ադրբեջանցիները, ճիշտ ոչ կառավարական հատվածից, ուստի բավականին հավաստի են: Ըստ ոչ կառավարական Պարենային անվտանգության դաշինքի համակարգող Նիզամի Գարաևի, Ադրբեջանի բնակչության զգալի մասը ոչ ռացիոնալ սնվելու պատճառով կիլոկալորիաների պակաս ունի: «Աշխարհի սովի քարտեզում» Ադրբեջանը ռիսկի գոտում գտնվող Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի հարևանությամբ է: Ըստ Գարաևի, սննդամթերքի արտադրության աճն Ադրբեջանում զսպող հիմնական պատճառը գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքների կրճատումն է, չլուծված ղարաբաղյան հարցը, ինչպես նաև հողի էրոզիան, երաշտն ու հեղեղումները:

Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի բոլոր աղետները, նույնիսկ բնական, կախված են Ղարաբաղից: Այ եթե հակամարտությունը կարգավորվեր, ազերիները միանգամից կուշտ ու երջանիկ կդառնային: Թե չէ ինչ է ստացվում՝ ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում մսի սպառման նորման տարեկան 70 կգ է, Ադրբեջանում՝ 27,8 կգ, կաթի ու կաթնամթերքինը՝ 360 կգ, Ադրբեջանում՝ 209,2 կգ, մրգերինը, բանջարեղենինն ու պտուղներինը՝ 80 կգ, իսկ Ադրբեջանում՝ տարեկան 47 կգ և այլն: Գործնականում, ազերիները գրեթե տառապում են սովից:

Ճիշտ է, կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ չնայած մեծ տարածքին, հարևան հանրապետությունում քիչ են ցանքատարածությունները, զարգացած չէ ոռոգման համակարգը: Սակայն ամբողջ աշխարհում է գյուղատնտեսությունը ռիսկային և այժմ կան տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ կարելի է բարձրացնել բերքատվությունը, վերականգնել հողաշերտը: Ադրբեջանցի պաշտոնյաների այդքան սիրած Իսրայելում ընդհանրապես գյուղատնտեսական նշանակության հող չկա, իսկ գլխավորը՝ ոռոգման ջուր չկա, բայց այնտեղ մրգեր ու բանջարեղեն են աճեցնում և դեռ արտահանում: Բայց, երևի, Ադրբեջանում համարում են, որ ժողովուրդն ինքն իրեն կկերակրի և իշխանությունները ոչինչ չեն անում՝ տափաստանները ճահճացած են, աղակալված, այդ խնդիրները լուծելու համար հսկայական ներդրումներ են հարկավոր, որոնք չկան և առաջիկայում չեն նախատեսվում: Խորամանկում է Գարաևը՝ անբավարար սննդի պատճառը Ղարաբաղը չէ, այլ կոռուպցիան, մինչև արմատները փտած իշխանական համակարգը, որտեղ առանց կաշառքի հնարավոր չէ ոչինչ անել:

Ի դեպ, խորհրդային տարիներին էլ Ադրբեջանի բնակիչները լավ չէին սնվում և Հեյդար Ալիևի «լայնորեն քայլում է Ադրբեջանը» հայտնի կարգախոսն իր շարունակությունն ուներ՝ «…Հայաստանի ու Վրաստանի շուկաներով»: Նույնիսկ խաղողագործությունը, որը Հեյդար Ալիևի օրոք քիչ թե շատ զարգացած էր, աստիճանաբար վերանում է: Մարդկանց համար ավելի հեշտ է Ռուսաստան մեկնել, քան հող փորել ու բերքի սպասել, որից կարող են և զրկվել: Իսկ վատագույն դեպքում, բերքը կարող են «նվերի» տեղ խլել պաշտոնյաները:

Մինչդեռ, Ադրբեջանում ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցիչ Ֆուադ Հուսեյնովի ներկայացրած տվյալներով, երկրում մոտ 500 հազար մարդ է տառապում սովից: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը միացել է ծրագրին 2009-ին և ամեն տարի այդ կազմակերպության բյուջե է փոխանցում ընդամենը 100 հազար դոլար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---