Սիրիայի ԱԳՆ-ն ընդդիմության կողմից քիմիական գրոհի մասին փաստաթղթերը փոխանցել է ՄԱԿ

Սիրիայի ԱԳՆ-ն ընդդիմության կողմից քիմիական գրոհի մասին փաստաթղթերը փոխանցել է ՄԱԿ

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ գլխավոր քարտուղարին ու ԱԽ նախագահին է փոխանցել երկու նմանատիպ փաստաթուղթ: Ուղերձներում ասվում է, որ հակասիրիական դավադրությանը մասնակցող երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Թուրքիան ու Սաուդյան Արաբիան, ճգնաժամի հենց սկզբից փորձել են ցանկացած պատրվակ ստեղծել Սիրիայի դեմ ուղիղ ագրեսիայի համար՝ անարդար տեղեկատվական քարոզարշավ սկսելով: Մասնավորապես, նրանք մեղադրեցին Սիրիային 2013 թ. օգոստոսի 21-ին Արևելյան Գուտայում քիմիական զենքի կիրառման մեջ, որի հետևանքով տասնյակ սիրիացիներ զոհվեցին:

Ամիսներ անց բացահայտվում է ճշմարտությունն այդ իրադարձությունների վերաբերյալ. հետազոտություններ ի հայտ եկան, որ հաստատեցին ԱՄՆ, Թուրքիայի ու այլ պետությունների անմիջական ու անուղղակի մասնակցությունը Սիրիայում իրագործված այդ և այլ հանցագործություններին, այդ թվում 2013 թ. մարտի 15-ին Հան Ալ Ասալ շրջանում տեղի ունեցած ոճրագործությանը:

ԱԳՆ ուղերձներում ասվում է, որ, ինչպես պնդում է հայտնի ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը բրիտանական London Review of Books ամսագրում տպագրված հոդվածում, Արևելյան Գուտայի ոճրագործությունների ետևում կանգնած էր Թուրքիան, ինչին տեղյակ էր ԱՄՆ վարչակամը: Սակայն արդարացնելու համար ամերիկյան ագրեսիան Սիրիայի դեմ ԱՄՆ-ն ու Թուրքիան ամեն կերպ փորձեցին թաքցնել հանցանշանները, որոնք մատնանշում էին, որ հանցագործությունը կատարել է «Ջեբհաթ ան Նուսրան»: Ըստ Հերշի, նա ունի իր վկայությունների հավաստիությունն ապացուցող փաստաթղթեր:

Հայտնի բրիտանացի հրապարակախոս Ռոբերտ Ֆիսկը ապրիլի 11-ին The Independent թերթում հրապարակված հոդվածում հաստատեց Սեյմուր Հերշի տարածած տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան ԱՄՆ աջակցությամբ մեղսակից է թունավոր նյութերի կիրառմանը Արևելյան Գուտայում:

Բացի այդ, ԱՄՆ ու Թուրքիայի սատարումը «Ջեբհաթ ան Նուսրային» ու նրա հանցագործությունների պարտակումը, այդ թվում զարին գազի կիրառումը, հաստատում է բրիտանացի հրապարակախոս Պատրիկ Քոքբերնը The Independent on Sunday-ում և ամերիկյան Veterans Today կայքում հրապարակված հոդվածում:

Սիրիայի ԱԳ նախարարի ուղերձներում ասվում է, որ մեղքը Սիրիայի կառավարական ուժերի վրա բարդելու փորձերն ու կեղծ պատրվակներ սարքելու միտումը դրդում են զինյալ ահաբեկչական խմբավորումներին օգտագործել միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ:

Սիրիան ԱԽ-ին ու ՄԱԿ գլխավոր քարտուղարին է փոխանցել հույժ կարևոր տեղեկատվություն այն մասին, որ ավազակախմբերը կարող են թունավոր նյութեր կիրառել Դամասկոսում ու Հոմսում՝ մեղադրելու համար այդ գործողություններում կառավարությանը: Բացի այդ, օրերս Սիրիան ՄԱԿ է ուղարկել նոր մի փաստաթուղթ, որը հաստատում է, որ ավազակային խմբավորումները մտադիր են օգտագործել թունավոր քլոր գազը Հալեպի գավառում և այլ շրջաններում:

Սիրիայի Արաբական Հանրապետությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ն, Թուրքիայի կառավարությունը, Սաուդյան Արաբիան ու ավազակախմբերն ամբողջական պատասխանատվություն են կրում արդեն կատարված և ապագայում հնարավոր հանցագործությունների համար քիմիական զենքի կիրառմամբ՝ ներառյալ վերջին միջադեպը Քաֆր Զեյթում: Սիրիան այս տեղեկություններն է տրամադրում Անվտանգության խորհրդին ու համաշխարհային հանրությանը՝ պահանջելով կատարել ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարi հետևյալ բանաձևերը՝ №№ 1373 (2001) և 1267 (1999), ՄԱԿ ԱԽ №№ 3314/29 (1974) և 2625/25 (1970).

Սիրիան կոչ է անում պատժել քիմիական զենքի կիրառմանն առնչություն ունեցող բոլոր երկրները, մասնավորապես, ԱՄՆ-ին, Քաթարին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային ու Ֆրանսիային, ինչպես նաև պահանջել նրանցից դադարեցնել աջակցությունը զինյալներին, որոնց գործունեությունը վտանգում է անվտանգությունը աշխարհում և Սիրիայում: Սիրիան հաստատում է, որ Մերձավոր Արևելքը պետք է զերծ լինի զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զինատեսակներից և հայտարարում է, որ հավատարիմ է իր ստորագրած պայմանագրերով ու արձանագրություններով ստանձնած պարտավորություններին, մասնավորապես Քիմիական զենքի արգելման կոնվենցիային:

Սիրիան համաձայնվեց ոչնչացնել ամբողջ քիմզենքը, բախվելով ԱՄՆ ու նրա դաշնակիցների կողմից ռազմական ուժի կիրառման սպառնալիքի հետ՝ ի պատասխան օգոստոսի 21-ի քիմիական գրոհի, երբ հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Սիրիայի կառավարությունը պնդում է, որ քիմիական զենքն ապստամբներն են կիրառել: ԱՄՆ-ն մեղադրում է Բաշար Ասադին Արևելյան Գուտայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ, որի հետևանքով 1400 մարդ զոհվեց: Ըստ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության, օգոստոսի 21-ին մոտ 400 մարդ է զոհվել: Սիրիայի կառավարությունը մեղադրում է ապստամբներին քիմիական գրոհի համար: Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տոննա քիմիական նյութեր: Սիրիան չի միացել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային: 1972 թվականին Դամասկոսը ստորագրեց կենսաբանական ու թունավոր նյութերի մշակումն արգելող կոնվենցիան, սակայն չի վավերացրել այն: Ռուսաստանը Սիրիային է փոխանցել 75 միավոր ավտոմոբիլային տեխնիկա զենքը դուրս բերելու համար: Ըստ ՔԶԱԿ-ի որոշման, ամբողջ քիմզենքը պետք է դուրս բերվեր Սիրիայի տարածքից մինչև 2014 թ. փետրվարի 5-ը և ոչնչացվեր մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:

Փետրվարի վերջում Սիրիայի իշխանությունները ՔԶԱԿ-ին ներկայացրեցին նոր ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է բոլոր քիմիկատներից ազատել երկիրը մինչև ապրիլի 27-ը: Ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևի և ՔԶԱԿ Գործադիր խորհրդի որոշման, սիրիական քիմիական զենքի ամբողջական ոչնչացումը պետք է ավարտվի մինչև 2014 թվականի հունիսը: Ավելի վաղ ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումջյուն հայտնել էր, որ Սիրիայում ոչնչացվել է կամ երկրից հանվել է քիմիական նյութերի 65 տոկոսը:

ՄԱԿ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտնել է, որ քիմիական զենքի արտահանումը սիրիական Լաթաքիայից կասեցված է մարտի 20-ից իշխանությունների և ընդդիմության միջև մարտերի պատճառով: Ըստ նրա, զենքի դուրսբերումը կվերականգնվի հենց որ դա հնարավոր լինի:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

«Ջաբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում, կազմակերպության անդամները ժխտում են դա, բայց հաստատում են, որ հավատարիմ են «Ալ Քայիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրիին: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---