Հայ Առաքելական եկեղեցին նշում է սբ Հարության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է սբ Հարության տոնը

PanARMENIAN.Net - Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի սբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:

Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Հայ Եկեղեցին սբ Հարության տոնը նշում է կիրակի, և քանի որ ըստ Եկեղեցական կարգի երեկոյան ժամերգությունից կամ սբ հետո սկսվում է նոր օր, սբ Հարության ավետիսը տալիս ենք շաբաթ երեկոյան: Ըստ եկեղեցական տոնացույցի տարվա ընթացքում երկու անգամ է մատուցվում Ճրագալույցի սբ Պատարագ՝ սբ Ծննդյան և սբ Հարության տոների նախօրյակին: Հենց այս երկու օրերին էլ սբ Պատարագից հետո եկեղեցուց վառած ճրագներ են տանում տուն՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Կիրակի առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում սբ Պատարագ: Սբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, որին պատասխանում են՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Եբրայական օրենքով շաբաթ օրը որևէ բան անելն արգելված է, այդ պատճառով էր, որ Քրիստոսին թաղեցին հենց նույն օրը երեկոյան, և միայն երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը: Նրանք, սակայն, զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ սբ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Ձուն ներկում են բացառապես սբ Հարության տոնի առթիվ՝ շաբաթ երեկոյան և կիրակի: Այն սբ Հարության տոնի խորհրդանիշն է:

Ձու պետք է ներկեն նաև այն ընտանիքները, որտեղ ննջեցյալ կա: Մարդիկ հաճախ կարմիր ձուն ուրախության հետ են կապում, իրականում կարմիր գույնը խորհրդանշում է Քրստոսի թափած արյունը, որը նաև այն մարդու համար է, ով արդեն ննջել է: Եվ Զատկին ձուն որպես սգի նշան առանց ներկելու մատուցելը վայել չէ Քրիստոնյային, քանի որ մենք հավատում ենք, որ Դատաստանի օրը բոլոր ննջեցյալները հարություն են առնելու և նրանք, ովքեր արժանացել են Քրիստոսի թափած արյունով փրկվելուն, Աստծո Արքայությունում պիտի դասվեն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---